
Այս տարի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բարձրացած նոր ալիքով, ինչն անդրադարձն է ապրիլյան քառօրյա պատերազմի, որի շուրջ հույզերն ու ապրումները, անհանգստություններն ու կրքերը դեռևս շարունակվում են:
Երեկ երեկոյան ավանդական ջահերով երթի մասնակիցները Երևանի Ազատության հրապարակում Թուրքիայի դրոշի հետ միասին այրել են նաև ադրբեջանական դրոշը՝ ի նշան իրենց բողոքի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի և ի հիշատակ Ղարաբաղում զոհված հայ զինծառայողների, ծածանել են նաև Արցախի դրոշը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հղված այսօրվա իր ուղերձում նույնպես նշել է, որ այս օրերին դեռ չեն հանդարտվել հույզերն ու ապրումները, քննարկումներն ու վերլուծությունները` կապված ապրիլի 2-5-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ:
«Այսօր` 2016 թվականի ապրիլի 24-ին, ես հայտարարում եմ ի լուր աշխարհի. հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու: Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Մենք ասելով` նկատի ունեմ հայ ժողովրդին, նրա բոլոր հատվածներին, նկատի ունեմ հայոց միասնականությունը»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նույնպես անդրադարձ է կատարել ապրիլի քառօրյա պատերազմին, նշելով, որ հակառակորդը չի փոխվել, սակայն փոխվել է հայ ժողովուրդը։
«Այս ապրիլյան օրերին աշխարհասփյուռ հայությունը կրկին ոտքի կանգնեց մեկ մարդու պես և ապացուցեց աշխարհին, որ իր հայրենիքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար պատրաստ է և կանի ամեն ինչ, կանի իր քաջ որդիներով ու հերոսական բանակով, իր միասնականությամբ ու անպարտելի ոգով»,- նշել է ԼՂՀ նախագահը:
Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը անհանգիստ է եղել թե´ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում, թե´ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: Թալիշի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող 22-ամյա Հայկ Մինասյանը: Դ-30 տիպի հրանոթից արձակված մեկ արկ ընկել է Մատաղիս գյուղի տարածքը, բարեբախտաբար կորոստներ չեն եղել:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը փաստում է. հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել ապրիլի 5-ից կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ բանավոր պայմանավորվածությունը և նպատակաուղղված սրել իրավիճակն առաջնագծում: