Ծիծեռնակաբերդի խորհուրդը. Հայաստանի պաշտոնյաները խոստանում են շարունակել Ցեղասպանության ճանաչման ջանքերը

Photo: Photolure

Հայաստանի քաղաքական վերնախավն այսօր՝ հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը դարձյալ Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգեցին զոհերի հիշատակն ու հայտարարություններում կոչ արեցին ճանաչել 21-րդ դարի առաջին ցեղասպանությունն ու հետագայում խուսափել նման ոճրագործություններից։

Ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց առաջնորդների հետ վաղ առավոտից այցելում են Ծիծեռնակաբերդ։

«Ամբողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ միայն հնարավոր կլինի ապագայում կանխել նոր ցեղասպանությունների իրականացումը,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով,- մենք շարունակելու ենք մեր արդար գործը, շարունակելու ենք պայքարել: Ես կարծում եմ, որ արդարությունը պետք է վերականգնվի և որքան շուտ, այնքան լավ: 101 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, և այստեղ ամբողջ աշխարհը նույնպես անելիք ունի»:

Ըստ վարչապետի՝ գործընթացը կհամարվի ավարտված, երբ Թուրքիայի իշխանությունը և թուրք ժողովուրդն ընդունեն իրենց նախնիների կողմից իրականացված ցեղասպանությունը։

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ ասել է, որ Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է:

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի խոսքով էլ` արդեն մեկ դար մեր ժողովուրդը պայքարի մեջ է, և սա ոչ միայն պայքարի ընթացք է, այլ նաև պայքարի արդյունք:

«Ամեն ինչ արվում է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, և պահանջատիրությունից ոչ ոք չի հրաժարվում»,- ասել է Հովսեփյանը։