
Ի տարբերություն հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի` այս տարի ավելի պակաս միջազգային անդրադարձ ու աշխարհի տարբեր երկրների իշխանությունների գնահատական է հնչում 1915-ին Օսմանյան Թուրքիայի` հայերի բնաջնջման փորձի ու 1,5 միլիոն հայերի ոչնչացնելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից հայերի և, մասնավորապես, ամերիկահայության սպասելիքները նույնպես չարդարացան, քանի որ որպես նախագահ նա չօգտագործեց վերջին հնարավորությունն ու կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառն արտասանելուց:
Այդուհանդերձ, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ Օբաման անհրաժեշտ գնահատականը տվել է:
«Կարծում եմ՝ երեկ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Նա դեպքերը որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը»,- ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է Միլսը:
«ԱՄՆ-ի նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք մենք բոլորս՝ դեպքերի լիարժեք, ամբողջական և արդարացի ճանաչմանը: ԱՄՆ-ի նախագահը շարունակում է հավատարիմ մնալ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք և ամբողջական կերպով ճանաչվեն դեպքերը»,- նշել է նա:
Ըստ դեսպանի` Օբամայի նպատակը ճշմարտությունն է և հայ ու թուրք հասարակությունների միջև հաշտեցումը, և նա շարունակում է հավատարիմ մնալ այդ հանձնառությանը, այլ ոչ թե չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնել:
Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու հնարավորությունը բաց չէր թողել ապրիլի 22-ին երկօրյա պաշտոնական այցով Երևանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` նա ծաղկեպսակ էր դրել անմեղ զոհերի հուշարձանի մոտ, ծաղիկներ՝ անմար կրակի մոտ, այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
«Շնորհակալություն բոլորին, ով վառ է պահում այս հիշատակը և անում է ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի ողբերգությունը չմոռացվի։ Մենք պետք է այնպես անենք, որ նման բաներ այլևս չկրկնվեն»,- թանգարանի պատվո հյուրերի հուշամատյանում գրառում է արել Ռուսաստանի արտգործնախարարը։