Քլունիի ուղերձը. հոլիվուդյան աստղի այցն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Photo: Photolure

Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունիի այցը Հայաստան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրերին միջազգային հանրությանը ևս մեկ հիշեցում էր մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին:

Քլունիի այցը Հայաստան պայմանավորված էր Aurora Prize միջազգային առաջին մրցանակաբաշխությանը մասնակցությամբ, որի համանուն հերոսուհին՝ Ավրորան, ցեղասպանության վերապրածներից էր:

Ապրիլի 24-ին հոլիվուդյան աստղը Ծիծեռնակաբերդում հարգել է ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Մինչ այդ, ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ Քլունին իր ելույթում նշել է, որ Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պատմության մի մաս լինելով հանդերձ, ամբողջ մարդկության ցավն է:

«Մենք տեսնում ենք, որ բավականին երկարատև պայքար է գնում, որպեսզի իրերն իրենց անուններով կոչվեն: Մենք տեսնում ենք, որ հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու առումով քայլեր են արվում, սակայն արվում են ավելի դանդաղ, և այդ պայքարն ավելի երկար է շարունակվում»,- ասել է նա:

Հատկանշական է, որ աշխարհահռչակ հայերը ևս անմասն չեն մնում Հայոց ցեղասպանության բարձրաձայնման և միջազգային հանրության ուշադրությունը մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգության վրա սևեռելու հարցում:

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի կիթառահար Ջոն Դոլմայանը ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ նշում է.
«2016-ի ապրիլի 24-ին հիշատակվում է թուրքական կառավարության՝ Հայոց ցեղասպանության 101 տարվա ժխտումը, երբ 1,5 միլիոն քրիստոնյա հայեր բնաջնջման թիրախ էին դարձել: Մենք ապրեցինք, իսկ դուք տապալվեցիք»:

System of a Down խմբի մեկ այլ անդամ՝ մենակատար Սերժ Թանկյանն իր սոցցանցի էջում կիսվել է Կարին Հովհաննիսյանի «1915» ՝ Մեծ եղեռնին նվիրված ֆիլմի սաունդթրեքով, որը հայկական «Արի իմ սոխակ» օրորոցայինի գործիքավորումն ու մշակումն է, համահունչ Հայոց ցեղասպանության թեմայի մռայլ տրամադրությանը: