«Ավրորա» մրցանակի առաջին հաղթող է դարձել Բուրունդիի ներկայացուցիչը

Photo: auroraprize.com

Երևանում առաջին անգամ անցկացվող «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր է հռչակվել շուրջ 30 հազար երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից:

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներն էին՝ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

Մրցանակը Բարանկիցեին է հանձնել աշխարհահռչակ օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, մրցանակաբաշխությունը վարել են Washington Post-ի խմբագիր Դևիդ Իգնեյշիուսն ու օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Որպես «Ավրորայի» դափնեկրի` Բարանկիցեին շնորհվել է 100 հազար դոլարի պարգև, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1 միլիոն դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու:

Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում:

Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։

Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հուլու 72 ամենամոտ հարևաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականատեսը դարձնելով նաև Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30 հազար երեխայի և 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել շուրջ 80 հազար մարդ։

Մրցանակը կոչվում է Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի անունով, որը Հայոց ցեղասպանության տարիներին լինելով երեխա՝ ականատես է եղել հոր և եղբայրների սպանությանը։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ է մնացել և աշխարհին պատմել 1915 թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։

«Հայաստանը կար նաև Հայոց ցեղասպանության բառի արտաբերումից շատ տարիներ առաջ, թեև այդ բառը դեռ չէր ներմուծվել մեր բառապաշար: Սրա հիմքում ընկած է դաժանությունը, ո՛չ թե ինքնապաշտպանությունը, ո՛չ էլ անգամ պատերազմը, այլ մի ամբողջ ժողովրդի նպատակադրված բնաջնջումը: Պարզ ճշմարտությունն այն է, որ այստեղ ներկա բոլորս ինչ-որ մեկի բարի գործի արգասիքն ենք»,- մրցանակաբաշխության ընթացքում հայտարարել է Not On Our Watch մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, կինոարտադրող Ջորջ Քլունին: