Հայաստանը` Էրդողանի հայտարարությանը. ժխտողականության հերթական անհաջող դրսևորում

Photo: Photolure

Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը «ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է»` ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

«[Սա] Օսմանյան կայսրության իշխանությունների` հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ է։ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել` հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության»,- ընդգծել է Քոչարյանը:

«Թուրքիայի ժխտողական կեցվածքն ավելի է մեծացնում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա անջրպետը, որը վերացնելու լավագույն ճանապարհը պատմությանն առերեսումն է ու ապաշխարանքը»:

Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագի ընթացքում Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ընթերցած ուղերձում Էրդողանը կրկին անդրադարձել է թուրքերի և հայերի «ընդհանուր ցավին», ընդգծելով, որ «շարունակելու ենք հիշեցնել թուրքերի ու հայերի շուրջ հազար տարվա համատեղ ապրելու մշակույթը»:

«Չենք դադարելու գործել հանուն բարեկամությանն և խաղաղության` ընդդեմ նրանց, ովքեր համատեղ պատմություն ու նման ավանդույթներ ունեցող երկու հարևան ժողովուրդներին ատելություն և թշնամանք պարունակող խոսքերով ցանկանում են հեռացնել իրարից և քաղաքականացնել պատմությունը»,- ասել է նա մասնավորապես:

«Մեկ անգամ ևս հարգանքով հիշատակում եմ այն օսմանյան հայերին, ովքեր կյանքից հեռացել են, ու ցավակցություն եմ հղում նրանց զավակներին ու թոռներին»:

Էրդողանն արդեն իսկ համանման հայտարարությամբ հանդես էր եկել 2015 թ. ապրիլի 24-ին, երբ հայերը նշում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն Հայաստանում նույնպես գնահատվեց որպես ցեղասպանության ժխտում: