ՀՅԴ առաջնորդ. Էրդողանը ապրիլի 24-ի հայտարարությամբ չի հրաժարվում ժխտման քաղաքականությունից

Photo: Photolure

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Առաջին աշխարհամարտի ժամանակ Արևելյան Անատոլիայում սպանված օսմանյան հայերի հիշատակը հարգող ուղերձը Թուրքիայի ժխտողական քաղաքականության ևս մեկ ապացույցն է` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Իր ուղերձում Էրդողանը ցավակցում է մահացած օսմանյան հայերի հարազատներին, կարծես նրանք իրենց բնական մահով են մահացել: Անտեսվում է պետության կողմից ոճրագործություն գործելու փաստը, ինչը ցույց է տալիս, որ Թուրքիայի քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց Մանոյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ապրիլի 24-ին ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, որում մասնավորապես ասված է.

«Հարգանքով հիշատակում եմ այն օսմանյան հայերին, ովքեր կյանքից հեռացել են, ու ցավակցություն եմ հղում նրանց զավակներին ու թոռներին, մեր ցավն ընդհանուր է»,-ասված է հայտարարության մեջ:

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից ցեղասպանության փաստը ճանաչելուն` Մանոյանը նշեց, որ անցած տարվա ընթացքում միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացրել են ոչ միայն ցեղասպանության ճանաչման, այլ նաև հատուցման և հետևանքների վերացման վրա, ինչը ճանաչման տրամաբանական հետևանքն է:

«Բնականաբար, պահանջատիրության հարցի ընդունումը չի կարող այն ճանապարհով ընթանալ, ինչ ճանաչումը, այսինքն` խորհրդարաններում բանաձևերի ընդունում և այլն, բայց դատական-իրավական գործընթացներ հարուցելուց զատ, պետք է նաև հանրային կարծիքի հիմք ստեղծվի, որը ներկայումս արվում է»,-նշեց նա:

Մանոյանը փաստեց, որ Հայաստանը պետք է ցույց տա միջազգային հանրությանը, որ շահագրգռված չէ միայն իր խնդիրներով:

«Աշխարհը պետք է տեսնի, որ Հայաստանն առհասարակ ցեղասպանությունների դեմ պայքարի ջատագով է, այդ առումով «Ավրորա» մրցանակաբաշխությունը և «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը լավ հնարավորություն են»,- եզրափակեց նա: