Հայ դատի հանձնախումբ. Արևմտյան Վիրջինիան դառնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 44-րդ նահանգը

West Virginia State Capitol (Photo: wikipedia.org)

Արևմտյան Վիրջինիա նահանգը դարձել է ԱՄՆ-ի 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը ընդունել է համապատասխան հռչակագիր` 2016 թվականի ապրիլը հայտարարելով նահանգում «Ցեղասպանության իրազեկման և կանխարգելման ամիս»։ Այս մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան մասնաճյուղը։

Վկայակոչելով ավելի քան 1,5 միլիոն հայերի և մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը 1915-1923 թվականներին և այժմ Միջին Արևելքում շարունակվող ցեղասպանությունը քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների նկատմամբ՝ նահանգապետ Թոմբլինը նշել է, որ «ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և նախկինում ու ներկայումս շարունակվող բոլոր ցեղասպանությունները՝ մենք օգնում ենք պահպանելու պատմական հիշողությունը և երաշխավորելու, որ նման դաժանություններն այլևս չկրկնվեն»։

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Համբարձում Կասպարյանը, Նենսի և Էմի Թոլիվերները կարևոր դեր են խաղացել հռչակագրի ընդունման գործընթացում: «1915-ին իմ Համբարձում պապը, ով Անկարայում ցորենի վաճառքով զբաղվող հաջողակ գործարար է եղել, կեսգիշերին տնից բռնի կերպով տարվել և գլխատվել էր: Նույնն արվել էր բազմաթիվ այլ, ավելի կրթված և հաջողակ հայերի հետ, ովքեր բնակվում էին Թուրքիայում,– պատմել է Կասպարյանը: – Իմ պապը շատ բարի և մեծահոգի մարդ է եղել: Երաշտի տարիներին նա բազմաթիվ մարդկանց սննդով է ապահովել: Հույս ունեմ, որ Արևմտյան Վիրջինիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշ չափով երաշխիք կլինի, որ նման սարսափելի իրադարձություններ այլ մարդկանց հետ չեն կատարվի»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան մասնաճյուղի նախագահ Ստեֆեն Մեսրոբյանը ողջունել է հայտարարությունը՝ նշելով. «Մենք ողջունում ենք Արևմտյան Վիրջինիային Հայոց ցեղասպանությունը հիշատակելու և, այդպիսով, դա անող ԱՄՆ 44-րդ նահանգը դառնալու համար: Սա ուժեղ ուղերձ է միջազգային համայնքին և Օբամայի վարչակազմին»։