Թուրքիան զգուշացնում է Գերմանիային. չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Photo: www.wikipedia.org

Թուրքիայի կառավարությունը զգուշացրել է Գերմանիային զերծ մնալ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն ու տեղահանությունները ցեղասպանություն որակելուց:

Այս զգուշացումը արվել է մայիսի 18-ին` երկու շաբաթ առաջ, երբ Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը` Բունդեսթագը, պատրաստվում է քննարկելու թեման:

«Այս մասին խոսել առանց պատմական կամ իրավական ապացույցների ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական իշխանության չարաշահում,- հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը` DPA-ի փոխանցմամբ, հավելելով, որ այդ հարցը, իրոք, առկախվել է, բայց այն «կրկին ու կրկին տարբեր առիթներով շարունակաբար ընդգրկվում է օրակարգում»:

Մայիսի 9-ին` Բունդեսթագի փոխնախագահներից մեկը` Կլաուդիա Ռոթը, հիշեցրել է, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլիօղլին զգուշացրել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի վերաբերյալ և արձագանքել. «Մենք դա չենք ընդունում: Հուսով եմ, որ խորհրդարանում խմբերը հերթական անգամ չեն ենթարկվի Թուրքիային, և նախագիծը կընդունվի, ինչպես և նախատեսվում է»:

Գերմանիայի կառավարության` Օսմանյան կայսրության օրոք հայերի զանգվածային սպանությունները և տեղահանությունները որպես ցեղասպանություն պաշտոնապես դատապարտող օրինագիծը քվեարկության է դրվելու հունիսի 2-ին:

Հայաստանը և շուրջ երեք տասնյակ այլ երկրներ այդ կոտորածները համարում են ցեղասպանություն, մինչդեռ երբ այլ երկրներում ծագում է ճանաչման հարցը, Թուրքիան սովորաբար արձագանքում է:

Ավելի քան 1,5 միլիոն հայեր են սպանվել 1915 թվականին, մինչդեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան, ընդունելով հանդերձ զոհերի առկայությունը, կտրականապես հերքում է, որ դա ցեղասպանություն է եղել: