Բունդեսթագի անդամ. Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կարևոր է Գերմանիայի համար

Photo: Photolure

Գերմանիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի հեղինակները վստահ են՝ այս անգամ բանաձևը կընդունվի, հայ գործչի կարծիքով էլ` նման բանաձևի ընդունումն առաջին հերթին կարևոր է հենց Գերմանիայի համար։

Գերմանիայի կառավարության` Օսմանյան կայսրության օրոք հայերի զանգվածային սպանությունները և տեղահանությունները որպես ցեղասպանություն պաշտոնապես դատապարտող օրինագիծը քվեարկության է դրվելու հունիսի 2-ին:

Սակայն Թուրքիայի Կառավարությունն արդեն հասցրել է զգուշացնել Գերմանիային զերծ մնալ տեղի ունեցածը ցեղասպանություն որակելուց:

Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակներից մի քանիսն այս օրերին Հայաստան են եկել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ աշխատանքների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար։

Այցի շրջանակներում հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելփքեն, ով բանաձևի հեղինակներից ու առաջամարտիկներից է, կարևորել է, որ բանաձևում պարտադիր նշվի նաև Գերմանիայի պատասխանատվության հարցը։

«Ցանկանում ենք Գերմանիայի հասարակության գիտակցությանը հասցնել այն, որ ժամանակին Գերմանիայից զինվորներ ու գեներալներ են ուղարկվել Օսմանյան կայսրություն, և Գերմանիան իր մասնակցությունն է ունեցել ցեղասպանության իրագործման մեջ»,- ասել է պատգամավորը։

Այն հարցին, թե որքանո՛վ է իրատեսական, որ այս անգամ Գերմանիայում գտնվող թուրք գործիչները չեն տապալի բանաձևի ընդունումը, պատգամավորն ասել է․
«Ես համոզված եմ, որ այս անգամ բանաձևը կընդունվի։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր Գերմանիայում Անգելա Մերկելի քաղաքականությունից դժգոհ գործիչները շատ են։ Նրան մեղադրում են Էրդողանի հետ տարբեր գործարքների շուրջ համագործակցության մեջ»։

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով` նոր բանաձևի որդեգրումը շատ կարևոր է նաև Գերմանիայի համար։

«Գերմանիան` որպես ցեղասպանություն գործած պետություն, ճիշտ չէ, որ դեռևս 2005-ի իր որոշումով փորձել է խուսանավել և ասել է, որ կատարվածն ըստ մասնագետների է ցեղասպանություն։ Կարծում եմ` Գերմանիայում բավականին հասունացել է իրերն իրենց անուններով կոչելու պահը, կան տարբեր կուսակցություններ, որոնք ակտիվորեն աշխատում են։ Դեռևս անցյալ տարի այս բանաձևը գործի էր դրվել նրանց խորհրդարանի կողմից, սակայն քաղաքական ինչ-որ հաշվարկներով դա չարվեց, կարծում եմ` այս տարի, ի վերջո, դա կարվի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մանոյանը։

Ըստ Մանոյանի՝ Հայաստանի համար այս բանաձևի ընդունումը կարևոր է նաև նրանով, որ Գերմանիան ազդեցիկ պետություն է ամբողջ աշխարհում։

«Թուրք համայնքի ներկայություն ունենալով` նման բանաձևի ընդունումը խիստ կարևոր պատգամ կլինի ամբողջ աշխարհի համար, ինչը կնպաստի ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և, ի վերջո, հատուցման գործընթացին»,- ասում է Մանոյանը։