Թուրքիան զգուշացրել է Գերմանիային Հայոց ցեղասպանության օրինագծի առնչությամբ

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Անկարան զգուշացրել է Բեռլինին Բունդեսթագի առաջիկա նիստին ընդառաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները որպես ցեղասպանություն ճանաչող օրինագծի քննարկման առնչությամբ:

Թուրքական Hurriyet Daily News-ը մեջբերել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության մամուլի խոսնակ Նուման Քուրթուլմուշի խոսքը, ով հորդորել է Գերմանիայի օրենսդիրներին «վտանգի չենթարկել թուրք-գերմանական հարաբերությունները»` հունիսի 2-ին «գիտական արժեք չներկայացնող տեքստի» քննարկմամբ:

«Թուրք-գերմանական հարաբերությունները շարունակվել են Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր ծայրահեղ անկեղծության միջավայրում, որը հանգեցրել է երկու ժողովուրդների եղբայրացման: Ես հավատում եմ, որ Գերմանիայի խորհրդարանը չի խաթարի այդ հարաբերությունը` տուրք տալով որոշ քաղաքական գործիչների ձգտումներին»,- ասել է նա` նկատի ունենալով կոալիցիոն գործընկերներ Քրիստոնեա-դեմոկրատական միության/Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) և Սոցիալ-դեմոկրատների (SPD ) օրինագիծը` ըստ երևույթին, Գերմանիայի կանաչների կուսակցության կողմից սատարված:

Մայիսի 30-ին Թուրքիայի կառավարության նիստից հետո Քուրթուլմուշն ասել է. «Մենք պետք է անենք այն, ինչ իրենք են անում: Այսինքն` մենք նույնպես պետք է ընդունենք բանաձևեր, որով կդատապարտենք իրենց պատմական քայլերը»:

Անցյալում իրենց խորհրդարաններում Հայոց ցեղասպանության բանաձևեր ընդունած երկրներից Թուրքիան ժամանակավորապես հետ էր կանչում իր դեսպաններին «խորհրդակցությունների» նպատակով, իսկ որոշ դեպքերում, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում, կարճ ժամանակամիջոցում կասեցնում համագործակցությունը որոշ ոլորտներում:

Անցյալ տարի Անկարան, օրինակ, կարճ ժամանակամիջոցով հետ էր կանչել իր դեսպանին Վիեննայից այն բանից հետո, երբ Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի դաշնակից Ավստրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ հանդես էր եկել համապատասխան հռչակագրով:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները և հայկական սփյուռքի կազմակերպությունները բարձր գնահատական են տալիս Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ջարդերը որպես ցեղասպանություն որակող երկրների խորհրդարաններին ու կառավարություններին:

Շատերը համարում են, որ Գերմանիայի այդ օրինագիծը չափազանց կարևոր է նաև այն պատճառով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանական կայսրությունը Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն էր, և Բեռլինն անուղղակիորեն որոշակի պատասխանատվություն է կրում հայերի կոտորածների համար:

Բեռլինում Հայոց ցեղասպանության օրինագծի շուրջ քննարկումներն ընթանում են հիմնականում Եվրոպայում փախստականների ճգնաժամի պատճառով գերմանա-թուրքական հարաբերությունների բարդ ժամանակաշրջանում:

Վերջին ամիսներին Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի իրենց երկրներում հակամարտություններից և թշվառությունից փրկություն որոնող հարյուր հազարավոր մարդիկ փորձում են հասնել Եվրոպական միության գոտի և, մասնավորապես, Գերմանիա, որը, ինչպես հայտնի է, աշխարհում ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկրներից է:

Հայաստանում և Հայաստանից դուրս բազմաթիվ դիտորդներ չեն բացառում, որ Բեռլինում այդ օրինագծին առնչվող քննարկումները կարող են Գերմանիային ևս մեկ լծակ տալ, համոզվելու համար, որ Թուրքիան շարունակում է փախստականների առաջ փակ պահել ԵՄ-ի հետ սահմանը: