Փորձագետ. Բունդեսթագի Հայոց ցեղասպանության օրինագիծը Թուրքիային զսպելու նպատակ ունի

Photo: Photolure

Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կարող է Սիրիայի փախստականների հարցով Թուրքիայի քաղաքական նկրտումները սահմանափակող զսպաշապիկ լինել` լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կոալիցիոն գործընկերների նախաձեռնությամբ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քննարկման կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Մինչ այդ` 2016 թ. փետրվարին, օրինագիծը մեկ անգամ ևս քննարկվել էր, բայց իշխող կոալիցիայի, ինչպես նաև բանաձևի ընդունումը նախաձեռնած Գերմանիայի կանաչներ կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ գնահատականների հետևանքով որոշվել էր բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման:

«Հայտնի է, որ ներկայումս Թուրքիա-Եվրամիություն բանակցությունների օրակարգում կենտրոնականը փախստականների խնդիրն է, որի համատեքստում Թուրքիայի ցանկություններն օր օրի ավելի մեծանում են, իսկ այս բանաձևը զսպաշապիկի դեր կարող է ունենալ Թուրքիա-ԵՄ բանակցությունների շրջանակներում այդ երկրի նկրտումները զսպելու տեսանկյունից»,- ասաց նա, հավելելով, որ Եվրամիության կողմից Թուրքիային ուղղված քաղաքական մեսիջ լինելով, պարզ է դառնում` Հայոց ցեղասպանության հարցը հերթական անգամ միջազգային քաղաքական սակարկումների առարկա է դառնում, այս անգամ` Գերմանիայի կողմից:

Հատկանշական է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական առաջատար Bild պարբերականի հետ զրույցում, անդրադառնալով Բունդեսթագի` բանաձևի հնարավոր ընդունումից հետո փախստականների վերաբերյալ Թուրքիայի և եվրոպական երկրների միջև ձեռք բերված համաձայնությանը, ասել էր, որ այդ գործարքը «կավե ոտքեր» ունի, և չափազանց դժվար է այն կյանքի կոչել այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է: Նա, միաժամանակ, ընդգծել է, որ Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը խիստ կարևոր է Հայաստանի համար, և կոչ արել գերմանացի օրենսդիրներին չվախենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բեռլին-Անկարա հարաբերությունները վատանալու նախազգուշացումներից և շարունակել նույն ոգով:

Թուրքագետը, քիչ հավանական համարելով Բունդեսթագում հայկական բանաձևի ընդունման հավանականությունը, փախստականների խնդրից զատ, կարևորեց նաև թուրք-գերմանական խորքային հարաբերություները և Գերմանիայում մեծաքանակ թուրքական համայնքի առկայությունը, ինչին բանաձևի ընդունումը անդառնալի վնասներ կարող է հասցնել:

Անդրադառնալով բանաձևի քննարկման վերաբերյալ թուրքական կողմի արձագանքին`Մելքոնյանը փաստեց, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարություններից պարզ է դառնում` Թուրքիայի ներկայիս արտաքին դիվանագիտությունը հիշեցնում է 80-90-ականների Թուրքիայի կոշտ հռետորաբանությունը: