
Չնայած թուրքական կողմի ճնշումներին` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի ամենամեծ դաշնակից Գերմանիայի Բունդեսթագը, այնուամենայնիվ, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
Գերմանիայի Բունդեսթագի բոլոր խմբակցությունների համատեղ ներկայացրած բանաձևին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:
«101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» անվանումով բանաձևը ներկայացրել էր իշխող խորհրդարանական մեծամասնությունը։
Բանաձևում նաև նշվում է, որ Գերմանիայի Կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար, նաև 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում:
Մինչ այդ Թուրքիան պարբերաբար զգուշացրել է Գերմանիային բանաձևի ընդունման հետևանքների մասին։ Երեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ այդ բանաձևի ընդունումը վնաս կհասցնի երկու երկրների դիվանագիտական, տնտեսական, քաղաքական, առևտրային և ռազմական կապերին, նշելով, որ երկու երկիրն էլ՝ Գերմանիան և Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ են։ Նշվում է անգամ, որ հնարավոր է` հետ կանչեն իրենց դեսպանին։
Չնայած դրան` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել են, թե աջակցում են փաստաթղթին, սակայն քվեարկությանը չեն գա՝ ավելի վաղ ծրագրված հանդիպումների պատճառով:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ գերմանական Bild-ին տված հարցազրույցում կոչ է արել ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չկապել փախստականների խնդրի հետ և զիջումների չգնալ համամարդկային արժեքներին վերաբերող հարցերում:
Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում, սակայն նշված չէր «ցեղասպանություն» եզրը:
Սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին՝ 2015-ի ապրիլի 23-ին, Գերմանիայի Դաշնության նախագահը Բեռլինի Մայր տաճարում կայացած հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» որակեց:
Իսկ ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև, սակայն բանաձևի քվեարկությունը անորոշ ժամանակով հետաձգվեց: