ՀՅԴ ներկայացուցիչ. Բունդեսթագի բանաձևը պարտավորեցնում է Գերմանիային քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ

Photo: Photolure

Գերմանիայի Բունդեսթագի ընդունած` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը Հայաստանի համար կարևոր է այնքանով, որ անդրադարձ կա Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, և Գերմանիան հանձն է առնում այդ ուղղությամբ իր կառավարությանը հանձնարարել քայլեր ձեռնարկել` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Արձագանքելով Բունդեսթագի ընդունած բանաձևին` Եվրահանձնաժողովն իր հերթին կոչ արեց երկու երկրներին հետամուտ լինել հարաբերությունների լավացմանը, ինչն առավելապես Թուրքիային է վերաբերում, սակայն չեմ կարծում, թե Թուրքիան այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի»,- ասաց նա, պարզաբանելով, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում Թուրքիան դիտարկում է ղարաբաղյան կարգավորման հարցը, բացի այդ, Թուրքիան իր ներքին և արտաքին քաղաքական խնդիրների ֆոնին այնքան էլ չի կարևորում Հայաստանի հետ կապեր հաստատելու հարցը:

Մանոյանի կարծիքով` ճանաչմանը չի հետևի ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը:

«Գերմանիայի կողմից նման նախաձեռնություն ակնկալելուց նախևառաջ պետք է սպասենք և տեսնենք, թե նմանատիպ մեկ այլ բանաձևը ի՞նչ ճակատագրի կարժանանա Ֆրանսիայում, բացի այդ, հաշվի առնելով, որ այս բանաձևի ընդունումը կարող է հակասել Գերմանիայում խոսքի ազատության որոշ դրույթներին, շատ ակնկալիքներ չպետք է ունենալ»,- ասաց նա:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի համոզմամբ` չնայած Թուրքիայի նեղացկոտ կեցվածքին, ինչպես Հայոց ցեղասպանության մյուս բոլոր բանաձևերի ընդունումից հետո, այս դեպքում ևս հարաբերությունները կշարունակվեն այնպես, ինչպես նախկինում էր:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցի ընդունման մշտական խոչընդոտ հանդիսացող քաղաքական շահերի բախմանը` Մանոյանը համոզմունք հայտնեց, որ Գերմանիայի դեպքում քաղաքացիական գիտակցությունը և ինչ-որ տեղ այդ երկրի քաղաքացիների` իրենց երկրի` ցեղասպանությանը որոշակի մեղսակցություն ունենալու հանգամանքը այնքան էին հասունացել, որ որևէ քաղաքական շահ չկարողացավ արգելք հանդիսանալ:

«Եթե հարցը մնար Գերմանիայի գործադիրին, ապա սա կվերածվեր բանակցության առևտրի նյութի, բայց կարծում եմ` Գրեմանիայի հասարակության մոտ այս հարցն այնքան էր արմատավորվել, որ հնարավոր չէր հետաձգել բանաձևի ընդունումը»,-եզրափակեց նա: