Անկարայի զայրույթը. Թուրքիան դեսպանին հետ է կանչել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո

Զայրացած Թուրքիան հրավիրել է Անկարայում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և հետ կանչել իր դեսպանին Բեռլինից «խորհրդակցությունների համար»` Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի ջարդերը պաշտոնապես որպես Հայոց ցեղասպանություն ճանաչող բանաձևի պատճառով:

Բանաձևը, որ նախաձեռնել էր կանցլեր Անգելա Մերկելի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը` իր կոալիցիոն գործընկերների հետ համատեղ, և որին սատարում էր ընդդիմադիր Կանաչների կուսակցությունը, հունիսի 2-ին ընդունվել է գերմանացի օրենսդիրների ճնշող մեծամասնությամբ` չնայած Թուրքիայից կողմից ուժեղ ճնշմանը և բողոքներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի ավելի ուշ զգուշացրել է, որ Բունդեսթագի բանաձևը «լրջորեն կազդի» երկկողմ հարաբերությունների վրա:

Ի տարբերություն` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի ղեկավարությանը հղած ուղերձում է Բեռլինում կայացած քվեարկությունը որակել է «պատմական քայլ», որը «խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերն այդ արժեքների պահպանման գործում»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` Բունդեսթագի որոշումը համարելով «խայտառակություն այս մարմնի հեղինակության համար»:

Այն մեղադրել է Բեռլինին «հայկական դիրքորոշումը» Գերմանիայում բնակվող թուրքերի երիտասարդ սերնդին պարտադրելու փորձի համար և հիշեցրել «Գերմանիայի կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունների ու ցեղասպանությունների թողած խոր տրավման՝ Նամիբիայից մինչև Հոլոքոստ»:

«Գերմանիան չպետք է քաղաքականացներ 101 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությունը,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը: – Ակնկալում ենք, որ մեր դաշնակից Գերմանիան, ում հետ սերտ համագործակցություն ենք վարում՝ հանուն Եվրոպայի ապագայի, հաշվի կառնի մեր տեսակետները, որոնք կենսական նշանակություն ունեն թե՛ երկկողմ հարաբերությունների և թե՛ Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների ապագայի համար»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը արագ ողջունել է Գերմանիայում բանաձևի ընդունումը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարության մեջ:

«Մինչ այսօր Գերմանիան և Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, ապա Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։

Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը»,- հավելել է Նալբանդյանը:

Շուրջ երեք տասնյակ երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Ֆրանսիան, Բրազիլիան, Իտալիան, Կանադան և այլն Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները ճանաչել են որպես ցեղասպանություն: Իսկ որոշ երկրներ (Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Իտալիան, Սլովակիան) նաև քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը:

Մինչդեռ Թուրքիայում իրար հաջորդած կառավարությունները շարունակում են ժխտել, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հայերի սպանությունները ծրագրված են եղել, և որ դա ցեղասպանություն է: