Հայոց ցեղասպանության ճանաչում. հայ գիտնականի խոսքով` Բունդեսթագի բանաձևը ազդակ կլինի մյուս երկրների համար

Photo: Photolure

Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի անցյալ շաբաթ ընդունած բանաձևը ազդակ կլինի այլ երկրների համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու համար` կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Կարևոր կլինի, եթե Բրիտանիան ճանաչի, քանի որ նրանք որևէ քայլ չեն անում այդ ուղղությամբ ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ հարաբերությունների պատճառով»,- երկուշաբթի` հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դեմոյանը` հիշելով, որ 1900-ականներին բրիտանացիները հանգանակություններ են արել հայ որբերի համար:

Ըստ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի` ինչպես ցանկացած ճանաչում, Գերմանիայի քայլն էլ ունի իր ենթատեքստը, որոնք գերմանա-թուրքական հարաբերություններից են բխում: Գերմանիան այս հարցում ավելի ամուր դիրքերում է, քանի որ Թուրքիան ինչքան էլ քայլեր ձեռնարկի` դեսպանի հետկանչ կամ այլ, իր գործընկերոջից տնտեսական շահեր ունի ու չի կարող շատ կտրուկ լինել:

«Թուրքիան, փաստորեն, մնաց, իր ծայրահեղ անհանդուրժողականության հետ մեն-մենակ, քանի որ Գերմանիան ոչ միայն իրադարձություններն անվանեց ցեղասպանություն, այլև ընդունեց իր մեղքը` այսպիսով առերեսվելով իր պատմությանը»,- նշեց Դեմոյանը` կարծիք հայտնելով, որ այս առնչությամբ Թուրքիայի գործողությունները այսպիսով կավարտվեն:

«Ճիշտ է, Թուրքիայում ընկճված են, բայց պետք է հիշել, որ Գերմանիայում թուրքական մեծ համայնք կա, ու, թուրքական հետագա ագրեսիվ քայլերը կարող են բացասաբար անդրադառնալ, մասնավորապես, աշխատանքային միգրանտների վրա»,- հավելեց նա:

Դեմոյանը համոզված է` թեև Գերմանիայի ընդունած բանաձևն անմիջապես իրավական կամ ֆինանսական հետևանքներ չի առաջացնի Թուրքիայի նկատմամբ, շատ կարևոր հղում կլինի հետագայում պատմաբանների ու իրավաբանների համար, հայերի ունեցվածքի պահանջատիրության գործընթացում:

«Գերմանիան շատ կարևոր կշիռ ունեցող երկիր է աշխարհում, ու նրանց կողմից խորհրդարանի մակարդակով ընդունված նման բանաձևը կարևոր փաստաթուղթ է լինելու Թուրքիային իրավական ու ֆինանսական պատասխանատվության բերելու գործում»,- նշեց նա: