
19-ամյա Հայկ Թորոսյանը մեկն է այն 121 զինծառայողներից, ովքեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա մարտերի ժամանակ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ են ստացել:
Ապրիլին 2-5-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում տեղի ունեցած բախումների հետևանքով հայկական կողմը տվել է 33 զոհ, 121 վիրավոր, 25 զինծառայող համարվում է անհետ կորած:
Ապրիլի 3-ին հրազենային գանգուղեղային վնասվածքով Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված Հայկի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Մեկ օր անց Հայկի հայրը` Դավիդ Թորոսյանը, լրագրողներին հայտնեց, որ որդին արդեն դուրս է եկել կոմայից.
«Երեկ կոմայի մեջ էր, իսկ այսօր դեպի լավն է գնում, երբ ասացի՝ Հայկ ջան, այստեղ ենք, ձեռքս սեղմեց, հասկանում է»,- ասել է նա:
Հայկից բացի, ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժօգնություն են ստանում ևս 29 վիրավորներ:
Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի հաղորդմամբ`նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մահվան դեպքեր էլ չեն գրանցվել:
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները տարբեր տեսակի վնասվածք ունեն, հիմնականում` հրազենային բեկորային վերջույթների, որովայնի և գլխի հատվածում: Արյան և սննդի կարիք չկա: Դրանից բացի, հոսիպիտալն ունի իր մասնագետները և համագործակցում է առողջապահության համակարգի բոլոր առաջատար մասնագետների հետ, խորհրդակցություններ են կազմակերպվում: Մեր համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է»,- տեղեկացրել է նա:
Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին և նրանց ընտանիքներին պետական մակարդակով օգնություն տրամադրելու հարցին երեկ ԱԺ քառօրյա նիստի ժամանակ անդրադարձել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Վիրավորներին աջակցություն կտրվի օրենսդրությամբ նախատեսված ողջ փաթեթի շրջանակում, և նախարարությունն աշխատում է նրանց արագ ոտքի կանգնեցնելու ու բուժումը կազմակերպելու համար: Այս օրերին Հայաստանի նախագահը և բազմաթիվ պաշտոնատար անձինք եղել են հոսպիտալներում, և հուրախություն մեզ պետք է ասեմ, որ ցանկություն ունեն հետ վերադառնալու` նույնիսկ անդամահատված ոտքերով»,- ասել է պաշտպանության նախարարը: