Դիվանագիտությունն ընդդեմ թնդանոթնե՞րի. միջնորդներն աշխատում են հակամարտության կողմերին բանակցային սեղանի շուրջը վերադարձնելու ուղղությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ապրիլի 7-ին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցի ընթացքում: (Ֆոտոլուր )

Թեև առանձին ուղղություններով հարձակումներ և խախտումներ են տեղի ունենում, ռազմական և քաղաքական գործիչները խոսում են, ընդհանուր առմամբ, ապրիլի 5-ին հակամարտության գոտում ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմավորվածությունը պահպանելու մասին: Այժմ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում դիվանագիտական ճակատում:

Ղարաբաղում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք այստեղ են ժամանել Բաքվից, իսկ Ստեփանակերտից կժամանեն Երևան` որոշ պայմաններ քննարկելու համար: Համանախագահները փակագծերը չեն բացում և նույնիսկ չեն ասում, թե արդյոք բանակցո՞ւմ են հրադադարի պահպանման և ամրապնդման միջոցների՞, թե՞ հակամարտության վերջնական կարգավորման շուրջ:

Հայկական կողմը պնդում է վերջնական կարգավորման վրա, սակայն առաջարկում է բանակցությունները վերսկսել մինչև 2016 թ. ապրիլի 1-ը եղած նախնական դիրքերը վերականգնելու համատեքստում: Ադրբեջանը` որպես բանակցությունների նախապայման պաշտոնապես պնդում է դուրս բերել հայկական ուժերը Ղարաբաղից:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գտնվելով Ադրբեջանում, հայտարարել է, որ կարգավորումը մոտ է, սեղանին է բանակցությունների համար փաստաթուղթը: Մեկնաբանելով այս հայտարարությունը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ խոսքը Կազանի փաստաթղթի մասին է: Այս փաստաթուղթը 2011 թվականին առաջարկել էր այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, սակայն մերժվել էր Ադրբեջանի կողմից: Այդ փաստաթուղթը, ըստ փորձագետների, շատ չի տարբերվում ԵԱՀԿ «մադրիդյան սկզբունքներից», որոնք ենթադրում են «տարածքների փոխանակում կարգավիճակի հետ»: Կազանի փաստաթուղթը ենթադրում է, սակայն, ռուս խաղաղապահների տեղակայում` որպես խաղաղության երաշխավոր:

Ըստ «ՌԻԱ նովոստիի» տվյալների` Գերմանիան նույնպես առաջարկել է 7 կետից բաղկացած կարգավորման փաստաթուղթ, որը ենթադրում է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ միջոցներ: Սակայն ապրիլի 6-ին Գերմանիայում գտնվող Սերժ Սարգսյանը այս առնչությամբ հայտարարություն չի արել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կոչ է արել ԵԱՀԿ-ին` ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը և սահմանին տեղադրել սարքեր, որոնք հնարավորություն կտան ամրապնդելու հրադադարը:

Ինչի հիման վրա կընթանան բանակցությունները` հայտնի չէ: Սակայն ակնհայտ է, որ միջնորդների ջանքերը այժմ ուղղված են ոչ այնքան վերջնական կարգավորմանը, որքան կողմերին մարտադաշտից բանակցային սեղանի շուրջը վերադարձնելուն: