Պատերազմից տեղահանվածները. ղարաբաղյան ընտանիքը խաղաղություն է ցանկանում հայրենի գյուղ վերադառնալու համար

Photo: Photolure

Ապրիլի 2-ի լուսաբացը նրանց համար բացվեց գիշերվա 2-ին, երբ գյուղի գլխին անձրևի նման թափվող արկերը լուսավորեցին գիշերային երկինքը, իսկ վայրկյաններ անց ավերակների վերածեցին գյուղի տները:

«Այդ գիշեր ինձ մի տեսակ լավ չէի զգում, ոնց որ մի արտաքին ձայն ինձ քնից հաներ: Վեր կացա ճնշման դեղ խմեմ, դուռը բացեցի, որ դուրս գամ ջուր բերեմ, տեսնեմ` կրակոցներ, պայթյունի ձայներ: Ամուսինս էլ վեր կացավ, տեսնում ենք, որ խփում են իրար հետևից: Առաջինը խփեցին զորամասին, իսկ մեր տունը մի 300 մետր է հեռու զորամասից, երկրորդը` ավելի ներքև, ասկոլկաները մեր հայաթն էին թափվում: Մի կերպ հասցրինք հաշմանդամ մորս հագցնել ու թաքնվել բաղնիքում, որը միշտ որպես ապաստարան ենք օգտագործում»,- հուզված պատմում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բնակիչ Սաֆուրա Իսկանդարյանը:

Ժամանակավոր ապաստարանում թաքնվում են չորսուկես ժամ: Հիշում է` գնդակները կարկուտի պես թափվում էին տան վրա, փրկվելու ճար գրեթե չեն ունենում: Մի քանի րոպե դադարից օգտվելով միայն հասցնում են դուրս գալ, տան դարպասներին մոտեցող զինվորականները հրահանգում են` անմիջապես լքել գյուղը:

«Չեք պատկերացնի` ինչ արագությամբ ենք նստել մեր մեքենան, հավաքել գյուղացիներից ում կարողացել ենք, մեծ մասը՝ երեխաների, եղբորս իր թոռան հետ: Արդեն գիտեինք` թուրքը գյուղում ա՝ վերևի թաղում: Էն խեղճ մարդկանց որ էդպես դաժանորեն սպանել էին, իմ վերևի տունն էր: 30 հոգի տեղավորեցինք մեր մեքենայում, ու ամուսինս քշեց դեպի Մատաղիս»,- հուզմունքից դեպքերի հաջորդականությունը շարունակ խառնելով պատմում է չորս երեխաների մայրը:

Իսկանդարյանների ընտանիքը Թալիշի 150 ընտանիքներից մեկն է, որն ապրիլի 2-ի գիշերը կրկին «դեժավյու» ապրեց, վերստին սեփական մաշկի վրա զգաց պատերազմի ու կորստյան ցավը, 23 տարվա մեջ երկրորդ անգամ տեղահանվեց սեփական բնօրրանից:

Վերհիշելով դաժան գիշերվա մանրամասները` 52-ամյա կինը պատմում է. Մատաղիսում հայտնվում են սարսափելի հրետակոծության տակ, տեսնում են ինչպես է «Գրադը» պայթեցնում Մատաղիսի էլեկտրակայանը:

«Մեր աչքի առաջ կինո էինք նայում: Երեխեքը լացում էին, մեծերը գոռում. «Էդո՛ ջան, մեզ փրկի, առաջ տար մեքենան, քշի առաջ, կրակում են»: Խեղճ ամուսինս գոռում էր. «Ինձ համար չեմ մտածում, էս երեխեքին ինչ անեմ ես….» Սարի մի անկյունում կուչ էր եկել մեքենան, մինչև դրանք նորից զապրավկա կանեին, մենք հասցրինք արագ պոկվել: Հետ ենք նայում` տեսնենք տները, նախատեսված զինվորականների ընտանիքների համար, փուլ են գալիս, ոնց որ կինո: Հասանք Մաղավուզ:

Էստեղ էլ կրակոցներ, մեքենաները փախչում են մեկը մյուսի վրայով, ամեն մարդ փորձում ա իրա ընտանիքը փրկել»,- պատմում է նա:

Իսկանդարյանների ընտանիքը համագյուղացիների հետ միասին շարժվում են դեպի Հայաստան, արդեն Երևանում տեղավորվում ազգականների տներում:

Շուրջ 500 բնակիչ ունեցող Թալիշը Արցախի հնագույն գյուղերից է: Գյուղի դպրոցում սովորում էր ավելի քան 100 աշակերտ, մանկապարտեզն ուներ 60 երեխա: Ռազմական գործողությունների հետևանքով շփման գծի անմիջական հարևանությամբ գտնվող գյուղի մեծ մասն ավերվել է, հրետակոծվել են գյուղապետարանը, դպրոցը, մանկապարտեզը, հանդիսությունների տունը։ Տասնյակ տներ հողին են հավասարվել։ Հենց Թալիշում են ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի հատուկջոկատայինները գնդակահարել խաղաղ բնակիչներ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Գնդակահարել են նաև 92-ամյա Մարուսյա Խալափյանին։

Իսկանդարյանը պատմում է` թալանել են գյուղի տները, տարել գյուղացիների համակարգիչները, էլեկտրական տարբեր սարքեր, հեռախոսներ:

«Մարդիկ միայն հասցրել են գիշերանոցներով փախչել, կյանքը քաղցր բան է, ասում ես՝ մենակ փախնեմ, ազատվեմ: Գյուղի ամենամեծ խանութն իմն էր, ամուսինս որ հիմա էնտեղ է, ասում ա` սաղ սրբել-տարել են: Թալիշցիները օգնության կարիք ունեն, որպեսզի կարողանան կրկին ոտքի կանգնել»,- ասում է նա:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ապրիլի 6-ին լինելով Մարտակերտ քաղաքում, Մատաղիս ու Թալիշ գյուղերում, նշել է, որ կառավարության կողմից արվելու է հնարավորը թշնամու արկակոծության հետևանքով բնակիչների վնասված առանձնատները և համայնքային ենթակառուցվածքները կարճ ժամանակամիջոցում վերականգնելու համար: Վարչապետը նշել է, որ մի քանի օրում քաղաքաշինության նախարարության համապատասխան մասնագետների կողմից կգույքագրվեն բոլոր վնասները՝ հնարավոր սեղմ ժամկետներում դրանց վերականգնման աշխատանքները սկսելու նպատակով:

Իսկանդարյանը պատմում է, որ գյուղացիները միմյանց են անընդհատ զանգում, հարցնում` գյուղ վերադառնալո՞ւ են, թե՞ ոչ:

«Պատասխանը մեկն ա. եթե գյուղը սարքեն, ուրախությամբ կգնան: Պատերազմի տարիներին գյուղը ավերել էին, բայց էս 23 տարում շենացրինք Թալիշը, ով գալիս էր` ասում էր` ինչ սիրուն, հարուստ գյուղ ա: Սովոր էինք կրակոցների տակ ապրելուն, բայց ոչ այս կարգի: Դիվերսիոն խմբերը հաճախակի էին դարձել, ու մենք միայն դրանից էինք վախում, կրակոցից չէինք վախենում»,- պատմում է նա:

Թալիշցիները երազում են վերադառնալ իրենց տները, ապրել, արարել: Իսկանդարյանը անհանգստանում է. աղջիկն ու փեսան հողը վարել էին ու մի քանի օրից պետք է եգիպտացորենի ցանքը անեին:

«Սենց ո՞նց կլինի… Մենք մեր զինվորներով էնքան ուրախանում ենք: Գիտենք՝ իրանք որ կան, մենք ապահով ենք, մեր շորերը հանում, հանգիստ քնում էինք, բայց հիմա չեմ պատկերացնում, որ նորից կարող եմ գնալ այնտեղ, շորերս հանել ու հանգիստ քնել: Ես չեմ հավատում հրադադարին, թուրքին ի՞նչ դավերիա անես, նա էսօր ասում ա` ոչ մի բան չկա, հենց շարժվում ես, հետևիցդ կրակում ա: Գնալու եմ պոստերը, իմ աչքով տեսնեմ ամրությունը ու նոր դրանից հետո վերադառնամ Թալիշ: Խաղաղություն ենք ուզում»,- ասում է Իսկանդարյանը: