Սարգսյանը` Մեդվեդևին. Ադրբեջանն կիրառել է Ռուսաստանից ձեռք բերած զենքը

Photo: www.president.am

Հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ այդ փաստը Հայաստանում «լայն արձագանք» է ստացել, քանի որ «Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»:

«Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը… և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ»,- ասել է նա:

Ավելի վաղ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ էր արել արագացնել Հայաստանին 200 մլն դոլարի զենքի մատակարարման պայմանագրի կնքման գործընթացը:

Գործարքը Հայաստանի համար կարևոր է Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը պահպանելու առումով, քանի որ վերջին տարիներին Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել 4 մլրդ դոլար արժողությամբ ժամանակակից հարձակողական ու այլ զինատեսակներ:

Ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղում նախահարձակ գործողությունների ընթացքում Ադրբեջանն օգտագործել է այնպիսի հատուկ միջոցներ, ինչպիսիք են Սմերչ» համազարկային ռեակտիվ կրակի և «ՏՕՍ 1-Ա» ծանր հրանետային համակարգերը:

Վարչապետ Մեդվեդևն իր հերթին ասել է, որ «հիմա ամենակարևորը խաղաղություն պահպանելն է, բանակցային սեղանի շուրջ վերադառնալը՝ նույնիսկ անտեսելով այն, որ հիմա այդ բանակցությունների ֆոնը, մեղմ ասած, ամենալավը չէ»:

«Խաղաղ բանակցություններին, հանգիստ քննարկումներին այլընտրանք չկա»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նաև ափսոսանք է հայտնել, որ «ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով»:

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, Ղազախստանը, որը Ռուսաստանի գլխավորած առևտրային դաշինքի առանցքային անդամներից է, խնդրել էր տեղափոխել ապրիլի 8-ին ծրագրված ԵԱՏՄ գագաթնաժողովը Մոսկվա` երևանյան հանդիպմանը չմասնակցելու իր ցանկությունը պայմանավորելով Լեռնային Ղարաբաղում լարվածության վերջին բռնկմամբ: