Հայացք Ստեփանակերտից. նախագահ Սահակյանն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջը

Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հակամարտության հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացում ընդունված ցանկացած որոշում ամբողջական չի լինի` հինգշաբթի Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` որպես միակ ճիշտ տարբերակ մատնանշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկումներին իրենց մասնակցության վերականգնումը:

«1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման համաձայն` ԼՂ-ն հակամարտության կողմ է, և այդ որոշումը մինչ օրս իրավական առումով ուժը կորցրած չէ: Հետևաբար, անհրաժեշտ է վերջնականապես վերանայել այս պահանջը, քանի որ սա ունի ակնհայտ արտահայություն, և վերջին իրադարձությունները հիմք են միջազգային հանրության համար` վերադառնալու բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափ»,- ասել է Սահակյանը:

«Մենք այս իրավիճակի հետ կապված տեսակետներ ու, ինչու չէ, պահանջներ ունենք, որոնք կներկայացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը,- հավելել է զինվորական համազգեստով ներկայացած Լեռնային Ղարաբաղի նախագահը, որ ասուլիսից հետո հանդիպել է միջնորդների հետ: – Հակամարտությունն իր բնույթով այնպիսին է, որ բանակցությունների սեղան վերադառնալու մեր պահանջը բխում է տրամաբանության դիրքերից: Աշխարհում չկա որևէ հակամարտություն, որտեղ լուծումները գտնվում են առանց հիմնական դերակատարի»:

Բակո Սահակյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ հինգշաբթի Արցախում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են անցյալ շաբաթվա լայնածավալ ռազմական գործողություններին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը Ադրբեջանի ագրեսիան համարել է Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում կայունության և խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկը՝ այն որակելով նաև քաղաքակիրթ հանրության համար լուրջ մարտահրավեր:

Նա նաև հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում է կոշտ և հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ:

Հինգշաբթի Սահակյանը նաև ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրության ուշադրությունն ուղղվում է Արցախին միայն ռազմական գործողությունների ու իրավիճակի սրման ժամանակ, ու ավելացրել, որ անգամ վերջին սրումից հետո այնուամենայնիվ հավատում է գործընթացի խաղաղ կարգավորման հնարավորությանը: