Միջնորդներ․ ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստակամություն են հայտնել պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Photo: Photolure

Միջազգային միջնորդները Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության հարցում հավատացած են, որ կողմերը պատրաստ են պահպանել մի քանի օրյա թեժ մարտերից հետո ձեռքբերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այս մասին հայտնել են շաբաթ Երևանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով տարածաշրջանային այցը, որը ներառել է կանգառներ նաև Բաքվում և Ստեփանակերտում։

Խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, որ իրենց մանդատի մեջ չի մտնում հետաքննել, թե ով է առաջինը սկսել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումները, որն ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում երկու կողմերի համար էլ մի քանի տասնյակ զոհերի պատճառ է դարձել։

«Մեր հիմնական խնդիրն էր՝ օգնել կողմերին կայունացնել իրավիճակը, նաև հասնել նրան, որ ռազմական գործողությունները չկրկնվեն»,- նշել է նա։

Ավելի վաղ համանախագահների հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, և նշել է, որ հրատապ քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար։

Միջնորդների այցը Երևանում անցկացվել է լայնածավալ բողոքի ակցիային զուգահեռ՝ կազմակերպված հիմնականում երիտասարդների կողմից, ովքեր կոչ են արել միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և կատարած հանցագործությունները Ղարաբաղում։ Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց էլ ցուցարարները Ռուսաստանից պահանջել են դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին։

1994-ի զինադադարի համաձայնագրից հետո օրերս տեղի ունեցած թեժ բախումների ժամանակ Ադրբեջանը Ղարաբաղի զինված ուժերի և խաղաղ բնակիչների դեմ կիրառել է ռուսական արտադրության մահացու զենքեր, ներառյալ ՏՕՍ-1Ա ծանր հրանետային և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Բաքվին Ռուսաստանի զենք վաճառելու հարցն այս օրերին բարձրացրել է նաև Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ Գյումրի այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
«Մեր ժողովուրդը ցավ է ապրում, որ Ռուսաստանը զենք է վաճառում ագրեսոր ադրբեջանցուն, թուրքին: Դա վատ բան է, մենք հորդորել ենք, ասել ենք, որ մենք դա լավ չենք ընդունում և գտնում ենք ոչ ճիշտ, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր դաշնակից ընկերը զենք վաճառի Ադրբեջանին, որը օգտագործվում է սպանելու խաղաղ բնակիչների, ծերերի, երեխաների։ Բայց դա իրենց գործն է, իրենք են որոշողը»,- ասել է Աբրահամյանը։

Հայաստանի վարչապետն իր մտահոգությունը էր հայտնել, երբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա1» հեռուստաընկերության Вести в субботу հաղորդման ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը շարունակելու է զինել Ադրբեջանին։

Մեդվեդևը նշել էր, որ Ռուսաստանը հակամարտող երկու երկրների գործընկերն է։

«Հայաստանի հետ մենք նաև ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ ենք։ Սակայն մեզ մոտ բոլոր դեպքերում հարաբերությունները միջպետական են։ Դրանք հիմնված են համաձայնագրերի, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համաձայնագրերի վրա։ Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ դերակատարությունից։ Մենք լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա։ Զենք կգնեն այլ երկրներից։ Դրանից մահացությունների թիվը չի կրճատվի, սակայն դա կարող է խախտել հավասարակշռությունը, որն այժմ կա»,- ասել էր Ռուսաստանի վարչապետը՝ վստահություն հայտնելով, որ զենքը ձեռք է բերվում ոչ միայն երբևէ օգտագործվելու, այլ նաև զսպիչ գործոն դառնալու համար, և, ըստ Մեդվեդևի՝ դա պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել զենք մատակարարել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին։

Վերջին տարիներին Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է մոտ 4 մլրդ դոլարի զենք, այդ թվում նաև` հարձակողական տեսակներ։