Ըստ գեներալի Մովսես Հակոբյանի` Ադրբեջանն է խնդրել հրադադար Ղարաբաղում

Ռազմական գերատեսչության բարձրաստիճան հայ պաշտոնյայի խոսքով` այս ամսվա սկզբին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններ վերսկսելուց մի քանի օր անց կրակի դադարեցման առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը վերջ դրեց հակամարտության գոտում 1994 թ. զինադադարի պայմանագրից ի վեր առաջին լայնածավալ ռազմական գործողություններին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ասել է. «Եվ այս անգամ ևս մենք պիտի փաստենք, որ հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադարի»:

Հակոբյանը, ով նախկինում եղել է նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ասել է, որ իր կարծիքով` Ադրբեջանը պետք է իր գործողություններից հետևություն կատարի: «Եթե ևս մեկ անգամ փորձի նման ձևով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, պատասխանը կլինի ավելի կոշտ և ավելի խիստ»,- ասել է նա:

Ըստ ռազմական գերատեսչության բարձրաստիճան հայ պաշտոնյայի` հայկական հետախուզությունը համապատասխան տեղեկություններ է ունեցել Ադրբեջանի ագրեսիվ պլանների մասին: «Բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը բավականին երկար է, և կոնկրետ որ ժամին որտեղ է լինելու՝ իհարկե, դա կռահելը մի քիչ ավելի դժվար է»:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության` 62 հայ զինծառայող է զոհվել, ավելի քան 120-ը վիրավորվել ադրբեջանական ուժերի հետ բախումների հետևանքով: Երկուշաբթի կեսօրի դրությամբ` մեկ հայ զինվորի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: