
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը ադրբեջանական Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում:
Գործընթացն իրականացվել է համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը` հաղորդել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը:
Այն հաջորդել է ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը չորս օր տևած լարված պայքարում, որը երկու կողմից խլեց տասնյակ կյանքեր:
Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի` ապրիլի 10-ին հայկական կողմին է վերադարձվել 18 զինծառայողի մարմին:
Հայաստանում վերահուղարկավորել են ազգությամբ եզդի զինվորին, որին սպանել և գլխատել էին ադրբեջանցիները: Այս տխուր արարողությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հնարավոր դարձավ 20-ամյա Քյարամ Սլոյանի ընտանիքին վերադարձնել զինվորի կտրված գլուխը: Հիշեցնենք, որ մինչ այդ` ապրիլի 4-ին, ընտանիքն արդեն հողին էր հանձնել իրենց որդու գլխատված մարմինը:
Համացանցում հայտնված լուսանկարները, որոնցում պատկերված են հայ զինվորի գլուխը ձեռքերում պահած ադրբեջանցի զինվորները, զայրույթի հուժկու ալիք բարձրացրին Ղարաբաղում և Հայաստանում, որտեղ Ադրբեջանին մեղադրում են ապրիլի 2-5-ը ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում` հատուկ ջոկատայինների կողմից Ղարաբաղի հյուսիսային գյուղերից մեկում երեք տարեց բնակիչների դաժան սպանության մեջ: