Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպումը. երրորդ և առաջին նախագահները խորհրդակցել են Ղարաբաղի հարցով

Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հանդիպել է իր սուր քննադատներից մեկի` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումը` հաղորդել են նախագահի մամուլի ծառայությունից:

Ըստ հաղորդագրության` Սարգսյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանի` Երևանի առանձնատուն` վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդվել է` երկու նախագահների զրույցը տևել է մոտ մեկ ժամ: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ այն «բացառապես վերաբերել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը»:

Մինչդեռ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, հանդիպման մասին լրացուցիչ տեղեկություններ չի հաղորդել:

Տեր-Պետրոսյանը 1991-1998 թթ. եղել է Հայաստանի առաջին նախագահը և հրաժարական տվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր դիրքորոշման համար, որ ըստ բազմաթիվ ընդդիմախոսների` դիտվել է որպես պարտվողական: 71-ամյա քաղաքական գործիչը փորձեց վերադառնալ քաղաքականություն 2008-ին, երբ առաջադրվեց նախագահի ընտրություններում, որի վիճահարույց արդյունքներով պաշտոնապես հաղթեց Սերժ Սարգսյանը: Հետընտրական շրջանն ուղեկցվեց Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության բազմամարդ ցուցերով, որոնք մարտի 1-ին հանգեցրին իրավապահ մարմինների հետ ցուցարարների բախումների:

Տեր-Պետրոսյանը, ով հետագա տարիներին շարունակել է քննադատել Սարգսյանի իշխանությանը և փորձել իշխանափոխության հասնել, վերջերս Միացյալ Նահանգներում ենթարկվել է քաղցկեղի վիրահատության և արդեն մի քանի ամիս է` հրապարակային ելույթներով հանդես չի գալիս:

Անցյալ շաբաթվա սկզբին` Լեռնային Ղարաբաղում բախումների գագաթնակետին, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովում ընթերցել էր Տեր-Պետրոսյանի 2008 թ. գրված ուղերձից մի հատված, որում ընդդիմության առաջնորդը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից ռազմական ոտնձգություն դեպքում ընդդիմությունը մի կողմ կդնի իշխանության հետ բոլոր տարաձայնությունները և կլծվի հայրենիքի պաշտպանության գործին: