Մինսկի խումբ. ԵԱՀԿ-ն փորձում է լուծումներ գտնել, այլ ոչ մեղավորին

Ալեքսանդր Իսկանդարյանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այն մարդիկ չեն, ովքեր պետք է ասեն, թե ով է նախահարձակ եղել ռազմական գործողություններում` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է դադարեցնել արյունահեղությունը, վերսկսել բանակցությունները, որը հանդիսանում է նաև անվտանգության մաս»,- ասաց Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ասուլիսի ժամանակ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ իրենց մանդատի մեջ ներառված չի եղել հետաքննել, թե ո՛վ է սկսել առաջինը, ո՛վ է պատասխանատուն:

Նա նշել էր, որ Մինսկի խումբը մանդատ է ստացել երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումների և Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
«Մեր հիմնական խնդիրը եղել է այն, որ օգնենք կողմերին կայունացնել իրավիճակը, ինչպես նաև նախաձեռնենք միջոցներ, որ ռազմական գործողությունները չկրկնվեն»,-եզրափակել էր նա:

Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը ևս համաձայնվեց, որ ներկա պահին համանախագահների գործը կողմերին բանակցային սեղանի շուրջը վերադարձնելն է:
«Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից բեկումնային փոփոխություններ, հրաշք փաստաթուղթ, առաջարկություններ սպասել չի կարելի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում»,- հավելեց նա:

Ուշագրավ է, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը կոշտ ելույթով հիշեցրել էր միջազգային հանրությանն այն մասին, որ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձները արդյունավետ չեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն նախատեսում հետևանքներ դրանց անտեսման համար: