
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունները սկսելուց հետո էլ միջնորդ կազմակերպության խուսափողական գնահատականները ցույց են տալիս, որ քաղաքական զարգացումները հետ են մնացել սահմանին տիրող իրականությունից` լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Տեսնում ենք, որ տարածաշրջանում անվտանգությունն ապահովող նորմերը չաշխատեցին, և զսպման մեխանիզմների տեսանկյունից որևէ տեխնոլոգիաներ չկիրառվեցին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ միջազգային կառույցների, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանխագահների կրավորական կեցվածքը դժգոհության ալիք էր բարձրացրել ոչ միայն պետական, այլ նաև հանրային մակարդակով, մասնավորապես, ապրիլի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում հարյուրավոր երիտասարդներ բողոքի ակցիա էին անցկացրել ընդդեմ միջազգային կառույցի:
Մելիք-Շահնազարյանը, սակայն, հավելեց, որ ոչ հրապարակային մակարդակում, այնուամենայնիվ, լուրջ դիվանագիտական քայլեր են կատարվում թե՛ կողմերի ներգրավվածությամբ, թե՛ առանց նրանց մասնակցության, որոնք կոչված են կանխելու ռազմական փուլի կրկնությունը:
«Դրա ապացույցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն էր Ադրբեջան, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան և Բաքու, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և արտգործնախարարի հեռախոսազրույցները երկու երկրների նախագահների հետ, ինչպես նաև Լավրով-Քերրի հանդիպումը»,- նշեց նա:
Քաղաքագետի համոզմամբ` գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է տարածաշրջանում զարգացումները իր վերահսկողության տակ վերցնել:
«Նման միտում ակնհայտորեն երևում է ռուսական կողմի գործողություններում, որը հիմա քարոզչական ռեսուրս չի խնայում` ապացուցելու աշխարհին, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել իր միջնորդությամբ, միևնույն ժամանակ մեղադրելով Թուրքիային` Ադրբեջանին նման քայլի դրդելու մեջ»,- ասաց նա, հավելելով, որ ԱՄՆ-ը իր հերթին փորձում է ակտիվացնել Մինսկի խմբի ինստիտուտը` ռուսական կողմի գործողություններին հակադրելով Մինսկի խմբի գործընթացի ակտիվացումը: