ԻԼԻՊ-ի հետք. հայերը դատապարտում են Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ահաբեկիչ վարձկանների օգտագործումը

Photo: Photolure

Ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վայրագությունների ժամանակ ահաբեկիչ վարձկանների մասնակցության մասին հայկական կողմի պնդումները թեև ապացուցված չեն, սակայն փորձագետների կարծիքով` դա նորություն չէ, և պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի։

Ապրիլի 2-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմամբ վերսկսված ռազմական գործողությունները, որի ժամանակ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները ԼՂՀ սահմանամերձ Թալիշ գյուղ էին կարողացել ներխուժել ու խոշտանգելով սպանել գյուղի երեք տարեց բնակիչների, ըստ հայկական կողմի՝ ահաբեկչություն է, որը բնորոշ է աշխարհում ահաբեկչական գործողություններ իրականացնող տխրահռչակ «Իսլամական պետության» (ԻԼԻՊ) գրոհայիններին:

«Ադրբեջանը առաջնագիծ է դուրս բերել վարձկանների, որոնք հետախուզվում են տարբեր երկրների կողմից: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է բոլոր միջազգային նորմերը և փաստաթղթերը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիան՝ օգտագործելով զինատեսակներ, որոնք ունեն կործանիչ հատկանիշներ, որպես թիրախ վերցնելով քաղաքացիական օբյեկտները, իր զինված ուժերի մեջ ներգրավելով վարձկանների և միջազգային ահաբեկիչների»,- այս օրերին մի քանի առիթով հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նման հայտարարությամբ են հանդես եկել նաև այլ պաշտոնյաներ, այդ թվում` Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է կատարել նոր սպառազինության կիրառությամբ, ինչպես նաև ահաբեկիչների և վարձկանների մասնակցությամբ»,- չորեքշաբթի Հայաստանի խորհրդարանում հայտարարել էր Օհանյանը։

Հայկական կողմի նման ենթադրությունը տարբեր հիմքեր ունի, այդ թվում նաև` սպանվածներին գլխատելու փաստը։ Ադրբեջանական կողմը շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին գլխատել էր ու գլուխը տարել, որը վերադարձվեց օրեր անց։

Սակայն ադրբեջանական կողմից վարձկանների կիրառումը նորություն չէ։
Հայտնի է, որ դեռևս 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանը ևս դիմել է օտարերկրյա վարձկանների օգնությանը։

Ըստ հայկական կողմի պնդումների՝ այդ տարիներին ադրբեջանական բանակի կազմում ընդգրկված էին Աֆղանստանից բերված շուրջ 1,5 հազար մոջահեդներ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ վկայել են նաև միջազգային դիտորդները:

«Պատերազմին Ադրբեջանի կողմից վարձկանների մասնակցությունը հաստատում են նաև ղարաբաղցի զինվորներին որպես ռազմավար մնացած անձնական փաստաթղթերը, ռազմական քարտեզները, նամակներն ու լուսանկարները, բառարանները, ազգային տարադրամը»,- նշվում է Արցախյան պատերազմի մասին պատմական ակնարկներում:

Հայ քաղաքագետների կարծիքով` այս անգամ հարցը պետք է բարձրացվի լուրջ մակարդակի վրա։

«Վարձկանների օգտագործումը միջազգային իրավունքի կողմից խնդրահարույց է, և Ադրբեջանը պետք է պատժվի դրա համար։ Սա նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանը խնդիր ունի իր զինվորականների հետ: Տեսանք, որ նրանք ամենավերջին զինատեսակներով են զինված, բայց կռվել չգիտեն, փոշի են դառնում անընդհատ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ այդ ահաբեկչական խմբերի անունն է թնդացող, սակայն երկու պատերազմներում էլ հայ զինվորի դիմաց դրանք ոչ մի նշանակություն չեն ունեցել։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով էլ` եթե հաստատվի, որ ադրբեջանական կողմից կռվում են «Գորշ գայլերի» ու «Իսլամական պետության» զինյալներ, ապա այդ փաստը միջազգային լայն արձագանք կգտնի, որն էլ կփոխի հակամարտության կոնֆիգուրացիան և իմաստը, քանի որ այսօր աշխարհում հակաահաբեկչական լուրջ արշավ է ծավալվել: