Ղարաբաղ. Ադրբեջանը հակամարտության գոտում օգտագործել է հետախուզական նպատակով անօդաչու թռչող սարքեր

Photo: Artsrun Hovhannisyan/ Official Facebook page

Ադրբեջանի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում հետախուզական նպատակով օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր` ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ին հակամարտության գոտում չորս օր տևած ռազմական դիմակայությունից հետո կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության` շփման գծի որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետների կիրառման դեպքեր: Մասնավորապես մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ) ականանետից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (17 արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի»:

65 հայ զինծառայող է զոհվել, 121-ը վիրավորվել ապրիլի 1-6-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ գործողությունների հետևանքով: Համարվում է, որ մեկ հայ զինվոր գերի է ընկել Ադրբեջանին:

Ադրբեջանն ասում է, որ ունի 31 զոհ է, 33 վիրավոր և 2 անհայտ կորած բախումներից հետո: Ադրբեջանից դուրս գտնվող անկախ աղբյուրները, սակայն, հաղորդում են ադրբեջանական կողմի առնվազն 93 զոհի մասին:

Երկու կողմերն էլ հաղորդել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին: