
Հայաստանի առաջին նախագահ և ընդդիմության ներկայիս առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով` ղարաբաղյան պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է «դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ», որտեղ, նրա խոսքով` «Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա՝ ունենալով իր ժողովրդի աջակցությունը»։
Տեր-Պետրոսյանը, ով շաբաթավերջին նախաձեռնել էր հանդիպում Սարգսյանի հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները, հարցազրույց է տվել iLur.am կայքին` կոչ անելով հայաստանյան ընդդիմության մի կողմ դնել տարաձայնությունները ներկայիս իշխանությունների հետ` Ադրբեջանի հետ, իր կարծիքով` կարևոր բանակցություններին ընդառաջ:
«Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու ժամանակը չէ», – ասել է նա:
Միևնույն ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը և իր կառավարությունը պետք է նաև որոշակի դրական քայլեր կատարեն և «դեմքով շրջվի դեպի ժողովուրդը»` «իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ»:
«Չի կարելի անհոգության ժամանակներում արհամարհել ժողովրդին ու ընդդիմությանը, իսկ դժվարին պահերին ակնկալել նրանց աջակցությունը»,- ասել է Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանը 1991-1998 թթ. եղել է Հայաստանի առաջին նախագահը և ներկայիս իշխանությունների սուր քննադատներից մեկն է 2008-ին նախագահ վերընտրվելու անհաջող փորձ կատարելուց հետո: Տասը մարդ զոհվեց այդ թվականին հետընտրական բախումների ընթացքում իրավապահ մարմինների և Տեր-Պետրոսյանի աջակիցների միջև բախումների ընթացքում, ովքեր վիճարկում էին ընտրությունների արդյունքները:
Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի` Սարգսյանի անմիջական նախորդը` Ռոբերտ Քոչարյանը, հայտարարել է, որ չի պատրաստվում հանդիպում նախաձեռնել պետության ներկայիս ղեկավարի հետ: Tert.am-ի հետ զրույցում Քոչարյանն ասել է, որ իր կարծիքով` դժվար թե գործող և նախկին նախագահների հանդիպումները կարող են ազդել առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա:
Այս ամսվա սկզբին Ղարաբաղում բախումների գագաթնակետին Քոչարյանը, ըստ նրա մամուլի խոսնակի, «կապի մեջ» է եղել Ղարաբաղի ներկայիս նախագահ Բակո Սահակյանի հետ:
Նախքան Հայաստանում վարչապետ և ապա նախագահ դառնալը, Քոչարյանը Լեռնային Ղարաբաղում զբաղեցրել է վարչապետի (1992-1994 թթ.) և նախագահի (1994-1997 թթ.) պաշտոնները: