ԱՀՀ ներկայացուցիչ. Ադրբեջանի դաժան ձեռագիրը չի փոխվել

ԱՄՆ-ում գործող հայկական խոշոր կազմակերպությունները` Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) և Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA), լրջագույն աշխատանքներ են տանում ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի` խաղաղության խաթարմանը և ռազմական գործողությունների վերսկսմանն ուղղված գործողությունների դեմ:

ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը նշում է. Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսին և նախագահ Բարաք Օբամային` լիովին կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը:

«ԱՄՆ-ի կողմից որևէ օժանդակությունը չի կարող տրամադրվել Ադրբեջանին, եթե վերջինս չդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և չհամաձայնի խնդրի խաղաղ և արդարացի ճանապարհով կարգավորմանը»,- «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասում է Վարդանյանը:

Նախօրեին ըստ ԱՀՀ տարածած հաղորդագրության` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոն Կրտսերը և Ռոբերտ Դոլդը նամակներ են հղել նախագահ Օբամային և Ներկայացուցիչների պալատի պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական վերջին հարձակումները և կոչ անելով կասեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:

«Մենք պահանջում ենք, որ դատապարտեք Ադրբեջանի ագրեսիան, դադարեցնեք Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը, հրատապ օգնություն տրամադրեք Լեռնային Ղարաբաղին և Պետդեպարտամենտի փաստահավաք պատվիրակություն ուղարկեք՝ գնահատելու թե՛ Ադրբեջանի ագրեսիայի պատճառած ավերածությունները, թե՛ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության մարդասիրական օգնության ու վերականգնողական կարիքների չափերը»,- նշված է կոնգրեսականների նամակում:

Արփի Վարդանյանը նշում է. ԱՀՀ-ն կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը կասեցնել ռազմական օգնությունը, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը չի դադարեցրել միջսահմանային հարձակումները, վերջ չի տվել տա պատերազմի վերսկսման իր սպառնալիքներին և չի համաձայնել տարածաշրջանային հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

«22 տարվա հրադադարի ընթացքում Ադրբեջանը կրակել է գրեթե ամեն օր: Աշխարհը լավ է հասկանում, որ այս խնդիրը ոչ միայն Լեռնային Ղարաբաղինն է, այլև տարածաշրջանինը: Եվս մեկ կոնֆլիկտ չի բխում տարածաշրջանի խոշոր երկրների շահերից»,- ասում է Վարդանյանը:

Ապրիլի 5-ին ԱՄՆ-ին պետքարտուղար Ջոն Քերրիին հղած նամակում Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը հայտարարել էին` Ադրբեջանին չի կարելի վստահել, այդ երկիրը պետք է պատասխանատվության ենթարկվի մարդու իրավունքների աղաղակող խախտումների համար:

Համեմատելով 1990-ականների սկզբի և վերջին 4 օրերի պատերազմները՝ Արփի Վարդանյանը նշում է դրանց տարբերություններն ու նմանությունները:
«Չի փոխվել Ադրբեջանի դաժան ձեռագիրը, նույն վայրագություններն են ու բարբարոսությունը: Այն ժամանակ չկային համացանց, սոցցանցեր, հիմա այդ ամենը կա, և վայրկյանների ընթացքում աշխարհը տեսնում է ադրբեջանցու չփոխված վայրի ձեռագիրը, ինչը և իրենց դեմ է աշխատում»,- ասում է Վարդանյանը:

Անդրադառնալով աշխարհի տարբեր քաղաքներում այս օրերին ի պաշտպանություն ԼՂՀ սրված հակամարտության և ի հարգանք զոհված զինծառայողների հիշատակի կազմակերպվող հայերի ցույցերին` Վարդանյանը նշում է. աշխարհը պետք է ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը:

«Եթե Ամերիկա պետության հիմնարար սկզբունքներն են ազատությունն ու ժողովրդավարությունը, ապա նա պետք է ականջալուր լինի մեզ»,- ասում է նա:
Մարտի 25-ին Համագումարը վկայություն էր ներկայացրել Ներկայացուցիչների պալատի պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին, որում համառոտ շարադրել էր ամերիկահայ համայնքի ինը հիմնական ռազմավարական առաջնահերթությունները 2017 թվականի ֆինանսական տարվա բյուջեի համար:

«Այդ առաջնահերթությունների թվին էին պատկանում Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի լիակատար կիրարկումը, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը և ոչ պակաս, քան 5 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացում Լեռնային Ղարաբաղին, մասնավորապես, տիկին Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին»,- նշված է հաղորդագրության մեջ: