Ղարաբաղյան պատերազմի հետևանքները. Հայաստանը բարձրացնում է Ադրբեջանի կողմից զոհված զինվորների մարմինների խոշտանգման հարցը

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների մարմիները խոշտանգելու փաստով միջազգային կառույցներ դիմելու համար լուրջ փաստահավաք առաքելություն իրականացնեն` ասում են ոլորտի ներկայացուցիչները:

Հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը հայտնեց, որ զինծառայողների մարմինները ենթարկվում են դատաբժշկական փորձաքննության:

Ավետիսյանը չհերքեց, որ կան հստակ փաստարկներ մարմինները խոշտանգված լինելու մասով, բայց մանրամասները ավելի ուշ կլինեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում: Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 18 զինծառայողի խոշտանգված մարմին:

«Արցախում պետք է մանրակրկիտ, շատ մասնագիտացված փաստահավաք աշխատանք կատարվի: Այնտեղ և´ Ազգային ժողովի նախագահը, և´ իշխանության բոլոր թևերի ներկայացուցիչները հակված են օր առաջ սկսելու այդ աշխատանքը»,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով` ՄԱԿ-ը ունի միջամտելու ամենատարբեր մեխանիզմներ` սկսած ամենապարզ զեկույցներից, իսկ Ազգային ժողովի պատգամավորները պետք է հետևողական լինեն, որ պատժամիջոցները ոչ թե խոստանան, այլ կիրառվեն:

«Ոչ մի պետություն դեռ նման ցուցադրական ձևով չի հակադրվել մարդասիրական նորմերին, ինչպես Ադրբեջանը: Սա հասարակ խախտում չէ»,- նկատեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը, ով ծնվել և բարձրագույն կրթություն է ստացել Խորհրդային Ադրբեջանում:

Այս արարքը կոպտորեն հակասում է մի շարք միջազգային կոնվենցիաների, մասնավորապես, 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևի 1-ին կոնվենցիայի, 1949 թ. Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի 3-րդ կոնվենցիայի և 1977 թ. Միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների լրացուցիչ արձանագրության պահանջները:

«Մենք երեք ուղղություններով պետք է աշխատենք՝ ապացուցել, որ տեղի են ունեցել ագրեսիա Ադրբեջանի կողմից ու ռազմական հանցագործություններ, և ապացուցել մարդու իրավունքների զանգվածային խախտման փաստը»,- եզրափակեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: