Ղարաբաղ. հայ զինվոր է վիրավորվել կրակի դադարեցման պայմանավորվածության ֆոնին

Photo: Photolur

Մեկ հայ զինծառայող է վիրավորվել այս գիշեր ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող ադրբեջանական խախտումների հետևանքով: Այս ամսվա սկզբին լայնածավալ ռազմական գործողություններից հետո ապրիլի 5-ին հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության` ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում, մինչդեռ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:

Ադրբեջանական զինուժը կրակել է դիպուկահար զենքերից և նռնականետներից:

Photo: www.president.am
Photo: www.president.am

«Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ… Ղարաբաղյան ուժերը շարունակում են ուշադիր հետևել մարտագծում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում դիմում հակաքայլերի»,- նշվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ տասնյակ հայ և ադրբեջանցի զինվորներ են սպանվել և վիրավորվել ապրիլի 2-5-ը թեժ բախումների ընթացքում, քննարկվել է նաև երեքշաբթի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում:

«Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր»,- հաղորդել են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից:

«Անվտանգության խորհրդի անդամները հանդես են եկել զեկույցներով: Արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրները: ԼՂՀ պաշտպանության բանակը հաղթական է գործել՝ կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան և խափանելով նրա պլանները: Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ»: