
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է` ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հայտարարությունների ու քայլերի պատճառով պետք չէ կտրուկ քայլերի դիմել և լարել երկու երկրների հարաբերությունները:
«Բնականաբար, զգացմունքային գնահատականները հասարակության կողմից ընկալելի են, ունենք զոհեր, դրա մասին խոսել ենք, բայց պետք չէ ավելորդ զգացմունքայնությամբ մեր օրակարգը ներկայացնենք դաշնակիցներին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը մշտապես քննարկումների առիթ է եղել, սակայն ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի նախահարձակ գործողություններից հետո դրանք առավել սուր դրսևորվեցին:
Հասարակության տարբեր շերտերում դաշնակից Ռուսաստանին մեղադրեցին դավաճանության մեջ, շատ քաղաքագետներ և վերլուծաբաններ կոչ արեցին Հայաստանին դուրս գալ ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից:
Հատկանշական է, որ այս առնչությամբ ռուսական կողմն իր բացատրությունն ունի: Մասնավորապես, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ռուսական «Ռոսիա1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ եթե նույնիսկ Ռուսաստանը հրաժարվի զենք մատակարարելուց, այլ երկրներից զենքի մատակարարների մուտքը հայ-ադրբեջանական սպառազինությունների շուկա իրավիճակը չի թեթևացնի:
«Ես կարծում եմ, որ զենքը կարող է և պետք է ձեռք բերվի ոչ միայն նրա համար, որպեսզի երբևէ օգտագործվի, այլև նրա համար, որ այն դառնա զսպման գործոն, և այդ պահը պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը»,- ասել է նա:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ հայկական կողմը պետք է շատ հարցերում վերանայի իր գործողությունները, բայց սխալ կլինի կտրուկ քայլերի գնալ, ինչպես, օրինակ՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից։
«Բարի քեռիներ էս աշխարհում չկան, և ամեն երկիր ունի իր շահերը: Մենք դաշնակցային հարաբերություններում առաջնորդվում ենք մեր շահերով: Եվ նախագահն էլ ասաց, ի տարբերություն Ադրբեջանի, որը Թուրքիայի նման երկրի հովանավորությունն ունի, մեր հովանավորը մեր բանակն ու ժողովուրդն են, ես էլ ավելացնում եմ՝ Աստված է»,- եզրափակեց նա: