Հոգևոր նեցուկ. հայ կաթողիկոսներն այցելել են պայքարող Ղարաբաղ

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն համատեղ այցով ժամանել են Լեռնային Ղարաբաղ` ծանր ժամանակ նեցուկ կանգնելու իրենց հողի համար պայքարող ժողովրդին:

Այցի մասին առաջին անգամ հայտարարվել էր ապրիլի սկզբին, երբ Լեռնային Ղարաբաղում դեռևս շարունակվում էին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները: Գրեթե չորս օր տևած թեժ մարտերի հետևանքով թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերն ունեցան մի քանի տասնյակ զոհ և հարյուրից ավելի վիրավոր, որից հետո ձեռք բերվեց կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը մինչ օրս հիմնականում պահպանվում է, չնայած շփման գծում մահվան ելքով շարունակվող անկանոն փոխհրաձգությանը:

Ստեփանակերտում երկու հայկական եկեղեցիների հոգևոր առաջնորդները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Ինչպես հաղորդել են նախագահի մամուլի ծառայությունից, «հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ «այս օրհասական օրերին համայն հայությունը ցուցաբերել է օրինակելի միասնականություն, բարձր հայրենասիրություն և անձնվիրություն` ընդգծելով այս գործընթացում Հայ Առաքելական Եկեղեցու կարևոր դերակատարությունը»:

Երկրի ղեկավարը արժևորել է երկու կաթողիկոսների այցն Արցախ` նշելով նրա պատմական լինելը հոգևոր, քաղաքական և մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրագույն հոգևորական դասի մի խումբ ներկայացուցիչներ: