Վերլուծաբան. Իրանը ձգտում է մեծացնել իր դերակատարությունը ղարաբաղյան գործընթացում, գերադասում է ներկայիս ստատուս քվոն

Photo: Photolur

Պաշտոնական Թեհրանը չի մասնակցում ԼՂՀ բանակցային գործընթացին, սակայն ըստ վերլուծաբանի` այդ երկիրը ձգտում է ուժեղացնել իր դերակատարությունը այդ գործընթացում, նախընտրելի համարելով Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը, դեմ լինելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` իրանական կողմը շահագրգիռ է, որ ԼՂՀ-ում պահպանվի ստատուս քվոն, քանի որ հայկական դիրքերի անսասանությունը ձեռնտու է նաև Իրանին:

«Վերաբերմունքը խաղապահ ուժերի նկատմամբ միանշանակ բացասական է: Իրանը այն բացառիկ կողմերից մեկն է, որ այս հարցում մեզ հետ դաշնակից է: Իրանի սահմանը մոտ է հակամարտության սահմանին, և խաղաղապահների մուտքով այդ հատված Իրանը պոտենցիալ սպառնալիք է տեսնում իր պետականությանը և անվտանգությանը: Իրանը չի կարող ճանաչել ԼՂՀ-ն պաշտոնական մակարդակով, բայց ամեն ինչ կանի, որ որևէ շրջան Ադրբեջանին չվերադարձվի»,-«ԱրմենիաՆաուին» ասում է իրանագետը:

Բազմաթիվ անգամներ իրանական կողմից հնչել են հայտարարություններ, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ է իր ներդրումն ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Ապրիլի 6-ին Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում, կողմերին հակամարտության խաղաղ կարգավորման կոչ անելով, նշել էր, որ Իրանը կարող է աջակցել հակասությունները հարթելուն` նրանց կողմից համապատասխան ցանկության առկայության դեպքում:

Ոսկանյանը նշում է, որ իրանցիների մղումը չի կարող Հայաստանի համար բացասական հետևանքներ ունենալ, եթե չխաթարվի Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը: Խաթարման պարագայում ոչ ոք չի կարող երաշխիք տրամադրել, որ Թուրքիան մուտք չի գործի հակամարտության գոտի, ինչը վտանգավոր է դառնում նաև Իրանի համար:

«Թուրքիան պլացդարմ կստեղծի Ադրբեջանի հարավում` սեփական ազդեցությունը այս երկրի վրա մեծացնելու համար: Պլացդարմ, որ հիմա էլ ունի ի դեմս Ադրբեջանի, բայց միջնորդավորված ձևով է օգտագործում, այն ժամանակ դա կօգտագործի ուղիղ»,- ասում է Ոսկանյանը:

Անդրադառնալով քառօրյա պատերազմի լուսաբանմանը իրանական լրատվամիջոցներով` Ոսկանյանը նշում է. Իսլամական հեղափոխության աջակիցների կորպուսի տեսակետներն արտահայտող լրատվամիջոցները դեպքերը լուսաբանել են` հենվելով հայկական կողմի և ԼՂՀ ՊԲ տեղեկատվության վրա:

«Կային նաև իրանական լրատվամիջոցներ, որոնց կողմից ադրբեջանական ապատեղեկատվություն կամ քարոզչություն էր տարածվում, որը մեզ պետք է անհանգստացնի, և որի չեզոքացման ուղղությամբ մենք պետք է քայլեր ձեռնարկենք: Իրանում կան ադրբեջանամետ տրամադրված որոշակի խմբեր, և նման սրացումների պարագայում ադրբեջանական կողմը կարողանում է օգտագործել նրանց ներուժը, հատկապես Ատրպատականի նահանգում, որը լեզվական առումով պարարտ հող է ստեղծում Ադրբեջանից իրականացվող քարոզչության համար»,- ասում է իրանագետը:

Ոսկանյանի դիտարկմամբ` սակայն ադրբեջանամետ լոբբիստական խմբերը գործում են ոչ միայն Ատրպատականում, այլև նաև որոշ պատգամավորներ կան հենց Իրանի խորհրդարանում: Նա նշում է, որ Ատրպատականից ընտրված պատգամավորը Իրանի խորհրդարանում և իրանական լրատվամիջոցներով հայտարարել էր, թե հրետակոծվել է Իրանի հյուսիսային հատվածը, և դրա համար պետք է հրավիրել Հայաստանի դեսպանին և պարզաբանում պահանջել:

«Արկերն ընկել էին Ատրպատականի նահանգի Խոդաֆերին գավառը, որը մեր զորքերի թիկունքում է, հետևաբար եթե դա լիներ հայկական կողմից, կնշանակեր` մեր զորքերը կրակում են սեփական թիկունքի վրա, որը աբսուրդի ժանրից է: Ակնհայտ է, որ հակառակորդ վրիպել էր կամ սադրանքների դիմել, բայց, ցավոք, այդ լոբբիստական խմբերը դա օգտագործեցին մեր դեմ: Առաջին օրը տեղեկատվություն տարածվեց, որ հրետակոծվել է Իրանի տարածքը Հայաստանի և Ադրբեջանի բախման գոտուց: Երկրորդ տեղեկատվական հոսքը` երբ փոխնահանգապետը բառացի ասաց՝ Հայաստանից»,- ասում է Ոսկանյանը:

Անդրադառնալով իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ)` իրանագետը նշում է. քառօրյա պատերազմի արդյունքում հայկական բանակի կողմից խփված ԱԹՍ-ների ամենամեծ խմբաքանակը հիմա Հայաստանում է:

«Բայց նույնիսկ այդ վիճակում դրանք ենթակա են մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրության: Հաշվի առնելով, որ իսրայելական արտադրության նշված ԱԹՍ-ներն ակներևաբար խիստ հետաքրքիր են նաև Թեհրանին, որովհետև հենց նույն այդ սարքերով Ադրբեջանի տարածքից առնվազն հետախուզական գործողություններ կարող են իրականացվել Իրանի հյուսիսում, ապա կարծում եմ` հայ-իրանական տնտեսական հարաբերությունների դաշտում կարող է ավելանալ ևս մեկ ոլորտ՝ բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերությունը»,- ասում է նա:

Ի դեպ, Իրանը Հայաստանում ունի նաև տնտեսական շահեր, այդ թվում` էներգետիկ ոլորտում:

Հատկանշական է, որ երեքշաբթի Երևանում էր գտնվում Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, ով Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի ղեկավարների հետ միասին անցկացրեց քառակողմ հանդիպում, որի արդյունքում էլ հուշագիր է ստորագրվել ոլորտում տարածաշրջանային համագործակցության մասին: