Սեֆիլյան. ռազմական գործողությունների շարունակությունը կբերեր Ղարաբաղի խնդրի վերջնական լուծման

Photo: Photolur

Հայաստանում կոշտ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ քառօրյա պատերազմը պետք չէր կանգնեցնել, այլ պետք էր առաջ գնալ՝ ուղղելով 1994 թվականի սխալները:

«Ես չեմ սխալվել իմ այն մտքերում, որ գալիք սերունդները գերազանցելու են մեզ։ Կատարվածն իրոք հերոսություն էր, հակառակորդը տասնապատիկ ավելի լինելով հանդերձ մեր տղաներին չստիպեց լքելու դիրքերը»,- հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Սեֆիլյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախում լայնածավալ պատերազմ չլինի, ինչն էլ Ադրբեջանն օգտագործում է հայերի դեմ: Սեֆիլյանի կարծիքով՝ նախագահը վախենում է համազգային մոբիլիզացիա հայտարարելուց, մինչդեռ ապրիլի 2-ին հազարավոր հայեր պատրաստ էին կամավոր սահման մեկնելու:

«Ամեն դեպքում, կարծում եմ՝ զինադադարի խախտումները կրկնվելու են և այդ խախտումներն այսուհետ լինելու են այս բնույթի. նրանք մտնելու են մեր տարածք, նույնը մենք ենք անելու, և այն, որ նախաձեռնությունը հակառակորդի կողմից է գալիս՝ հեռանկարային իմաստով միայն ի վնաս մեզ է: Հակառակորդը մեկուկես տարի է՝ մեր նկատմամբ դիրքային պատերազմ է սկսել՝ նպատակ ունենալով ֆիզիկապես և հոգեպես հյուծել ու մաշեցնել մեզ»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ մեկ հոգի խանգարել է առաջ գնալ, ազատագրել Շահումյանը, որտեղից էլ հակառակորդը մուտք է գործել Թալիշ, ինչը նշանակում է, որ այսօրվա գլխավոր օրակարգը պետք է լինի ձևավորել վստահելի կառավարություն:

«Իհարկե, մեր խնդիրն այս պահին գլխավոր խանին վերացնելը չէ, այլ երկրի պաշտպանությունը կազմակերպելը: Գուցե հիմա Սերժը հասկանա՝ շատ ավելի լավ կլինի կամովին կազմակերպել իր հեռացման գործընթացը, քանի որ օրեր են մնացել, որ հայ ժողովուրդը պոռթկա:

Ավելի լավ է, որ հեռացումը լինի առանց պոռթկումների և առանց ժողովրդի հուժկու հարվածի, այլապես մեր ժողովուրդը կարող է զարմացնել թիկունքում այնպես, ինչպես հայ զինվորն աշխարհին զարմացրեց առաջնագծում»,- եզրափակեց նա:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանում էլ այս օրերին որոշ շրջանակներում կոչեր են հնչում՝ շարունակել պատերազմը մինչև Ղարաբաղի «ազատագրումը»: