Հայաստանի արտգործնախարար. Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Ըստ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` բանակցային գործընթացի գլխավոր էությունն այն է, որ «Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է այս մասին չորեքշաբթի Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերով, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային սեղանին նոր փաստաթղթի առկայության մասին լուրերին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված արյունոտ ռազմական դիմակայությունից հետո ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց կարճ ժամանակ անց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով գործնականում բոլոր պայմանավորվածությունները գտնվում են «սեղանի վրա»:

Ավելի ուշ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաստատել էր, որ խոսքը 2011 թ. Ռուսաստանի միջնորդությամբ Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպմանը Ռուսաստանի ներկայացրած առաջարկների մասին է, որոնք քննարկվել են, սակայն Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է դրանցից:

Խոսելով Հանրային հեռուստատեսությամբ` Նալբանդյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի վերջին ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի դիրքորոշման քննադատությանը և հայ-ռուսական հարաբերությունները հարցականի տակ դնելուն:

«Հայ-ռուսական հարաբերությունները բիզնես հարաբերություններ չեն, միայն խոսքով դաշնակցային հարաբերություններ չեն, դրանք նաև իրավապայմանագրային հիմքեր ունեն: Սա ակնհայտ է բոլորի համար, ներառյալ՝ Ադրբեջանի»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը:

Բարձրաստիճան հայ դիվանագետը կարևորել է նաև հայ-ռուսական հարաբերությունների խորքայնությունը, ասելով.

«Ադրբեջանը չէ, որտեղ տեղակայված է ռուսաստանյան ռազմական բազան, Ադրբեջանը չէ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, Ադրբեջանը չէ, որը, ի տարբերություն Հայաստանի, ունի տասնյակ պայմանագրեր Ռուսաստանի հետ, որոնք վերաբերում են պաշտպանության և ռազմարդյունաբերական ոլորտներին: Ադրբեջանը չէ, որ [2010 թ.] ստորագրել է Ռուսաստանի հետ հայտնի 5-րդ արձանագրությունը [Հայաստանում տեղակայված ռազմական բազայի մասին]: Այս շարքը կարելի է շարունակել»:

Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ Հայաստանը պետք է իր որոշ դաշնակիցների դիրքորոշման հարցը բարձրացնի Երևանում կայանալիք ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հանդիպմանը: