
Ղարաբաղի համար օրհասական պահին պատմական այցով Արցախի Հանրապետություն ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ապրիլի 13-ին այցելել են Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ վանք։
Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջի` եկեղեցու երկու հոգևոր առաջնորդները իրենց հայրապետական օրհնությունն են տվել Արցախին և հայոց բանակի զինվորներին:
Երկու հայ կաթողիկոսներն աղոթել են Արցախ աշխարհի խաղաղ կյանքի և հայ զինվորների անվտանգ ու ապահով ծառայության համար:
Դիմելով հավատացյալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն հայտարարել է, որ իրենք եկել են իրենց զորակցությունը բերելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին և ողջ արցախահայ ժողովրդին:
Ապրիլի 2-ից ռազմական գործողություններ սկսվելուց ի վեր Ղարաբաղի պաշտպանության բանակի ավելի քան ինը տասնյակ զինծառայողներ և Ադրբեջանի ագրեսիայից իրենց հողը պաշտպանող կանոնավոր զորքերին օգնելու համար միացած աշխարհազորայիններ են զոհվել:
Ապրիլի 5-ին կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը վերջ տվեց ակտիվ ռազմական գործողություններին, սակայն շփման գծում անկանոն հրաձգության հետևանքով շարունակում են զոհեր գրանցվել:

Ապրիլի 13-ին ավելի ուշ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն այցելել են նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ` վիրավոր զինվորներին բերելով իրենց օրհնությունն ու քաջալերանքի խոսքերը։
Կաթողիկոսներն իրենց գնահատանքն են հայտնել հոսպիտալի բուժանձնակազմին՝ ցուցաբերած նվիրումի և հոգատարության համար, արիասիրտ հայորդիներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Երեկոյան Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ միասին շրջայց են կատարել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակով, ծանոթացել վերջին շրջանում կատարված քաղաքաշինական աշխատանքներին՝ բարձր գնահատելով քաղաքի բարեկարգմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը։