Ղարաբաղյան պատերազմի դասերը. հայերը դժգոհում են Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքից

Photo: Nazik Armenakyan

Լեռնային Ղարաբաղում սանձազերծված ռազմական գործողությունները հերթական պատճառը դարձան հայ հասարակության կողմից բարձրաձայնելու Ադրբեջանին Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի հարցը։

Չորեքշաբթի հարյուրավոր հիմնականում երիտասարդներ հերթական բողոքի երթն ու ակցիան անցկացրեցին ընդդեմ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի: Ցուցարարները երթով անցել են Կառավարության և արտգործնախարարության շենքերի մոտով` հնչեցնելով «ամոթ» վանկարկումներ և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին մեղադրելով անգործության մեջ: Այնուհետև, հավաքվելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև, կոչեր են հնչեցրել և ձվեր նետել դեսպանատան ուղղությամբ:

Հայ հասարակությանը հատկապես զայրացրել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ զենքի վաճառքի մասին հայ պաշտոնյաների մտահոգությանը ռուսական կողմի արձագանքը, որը ևս մեկ անգամ հաստատեց, որ Ռուսաստանը կշարունակի զինել Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։

Ռուս պաշտոնյաների հիմնական մասը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, կարծում են, որ դա արվում է նաև ի շահ Հայաստանի, վստահեցնելով, որ թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին զինելով` Ռուսաստանը պահպանում է հավասարակշռությունը։

Մինչդեռ այն պնդումները, թե Ադրբեջանը կարող է նման զինատեսակներ գնել մեկ այլ երկրից, ըստ որոշ փորձագետների՝ իրականությանը չի համապատասխանում, քանի որ նման զենք արտադրում են Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որոնք հրաժարվել են այն վաճառելուց, նաև մասնակի, որոշ նմանությամբ՝ Չինաստանը, որը ևս Ադրբեջանին նման զենք չի վաճառի։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի կարծիքով` Հայաստանը պետք է շարունակի արդիական պահել զենքի վաճառքի իր դժգոհությունը։

«Ադրբեջանի սպառազինության, նրա կատարած հանցագործությունների խնդիրները պետք է օրակարգի և արտաքին քաղաքականության առաջնահերթություն դառնան, և հասնենք նրան, որ բոլոր պետությունները գիտակցեն Ադրբեջանին զենքի վաճառքի վտանգներն ու պատասխանատվությունը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սաֆարյանը՝ հավելելով, որ բողոքի ակցիաները պետք է շարունակվեն։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր Սերգեյ Մինասյանի կարծիքով էլ` Ռուսաստանն այս պահին կարող է խնդիրը լուծել` միայն փոխհատուցելով Հայաստանին համապատասխան զենքի ծավալով, որը կվերականգնի հավասարակշռությունը։

Ուշագրավ է, որ անցյալ տարվա հունիսին ստորագրված համաձայնագրով ռուսական կողմի տրամադրած 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկով Ռուսաստանից ձեռք բերվելիք սպառազինությունը դեռևս չի մատակարարվել։ Մինչդեռ ադրբեջանական կողմը Ղարաբաղում կիրառել է ՏՕՍ-1 ծանր հրանետային համակարգ, որի համար, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, դեռ չի վճարել։

Միայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լայնածավալ մարտական գործողությունների ծավալումից հետո Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցում առաջարկել է արագացնել սպառազինության մատակարարման պայմանագրի կնքումը:

Հայաստանի կառավարության առաջիկա՝ ապրիլի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև այս հարցը, կառավարությունը կհանձնարարի «քննարկել և ստորագրել» ռուսական զենքի մատակարարման պայմանագրերը։