Վերլուծաբան. չկան երաշխիքներ, և չկա ԼՂՀ կարգավորում

Photo: Photolur

Հայաստանը առանց երաշխիքների չպետք է նստի բանակցությունների սեղանի շուրջը` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

«Իսկ երաշխիքները պետք է լինեն շփման գծում հրադադարի խախտումն արձանագրող սարքեր տեղակայելը և դիպուկահարներին դուրս բերելը»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքին, թե Մինսկի խումբը կտրուկ դեմ է Լեռնային Ղարաբաղի` որպես բանակցային կողմի ներգրավմանը, հավելելով, որ հարցը նյուանսների մեջ է:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը՝ Գրիգորյանն ասաց, որ դա անհրաժեշտ կլիներ այն դեպքում, եթե պատերազմական գործողություները շարունակվեին, սակայն ներկայումս Լեռնային Ղարաբաղը ճանաչելով` Հայաստանը ամբողջ աշխարհին դեմ դուրս կգա, ինչը ձեռնտու չէ:

«Եթե պատերազմական գործողությունները նորից սկսվեն կամ երկարաժամկետ լինեն, այդ դեպքում կարելի է ճանաչել: Պետք է ճանաչես այն դեպքում, երբ ուրիշ տարբերակ չունես»,- հավելեց նա:

Քաղաքագետը նաև նշեց, որ բացի ռազմական նպատակներից, Ադրբեջանը պատերազմական գործողություններ սկսելով` մտադիր էր թուլացնել ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը, ինչը չստացվեց:

«Անհրաժեշտ է, որ համանախագահ երկրների համապատասխան մարմինների փորձագետները և դատաբժշկական ոլորտի անկախ փորձագետները միասին իրականացնեն Ադրբեջանի կողմից հայկական կողմին վերադարձված մարմինների փորձաքննությունը, որպեսզի հետագայում Ադրբեջանը կասկածի տակ չդնի այդ հարցը»,- եզրափակեց նա: