Արցախն առանձին չէ. Հայ Եկեղեցու առաջնորդները ազգի միասնականության կոչ են արել Ղարաբաղ այցի ժամանակ

Photo: www.armchurch.org

Արցախի համար օրհասական պահին հայոց երկու կաթողիկոսների պատմական այցով այնտեղ գտնվելը հայ հասարակությունը, քաղաքագետները ողջունում են ու կարծում, որ դեռ երկար ժամանակ այս այցելությունը կթողնի իր ազդեցությունը։

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն չորեքշաբթի համատեղ այցով ժամանել են Լեռնային Ղարաբաղ` ծանր ժամանակ նեցուկ կանգնելու իրենց հողի համար պայքարող ժողովրդին:

Հայկական երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդները նախ Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, այցելել Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ` վիրավոր զինվորներին բերելով իրենց օրհնությունն ու քաջալերանքի խոսքերը։

Հինգշաբթի երկու կաթողիկոսների հանդիսապետությամբ Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցում կատարվել է հանրապետական մաղթանք Արցախի ապահովության և խաղաղության համար:

«Արդա՛ր է մեր պայքարը, սիրելինե՛ր: Մեր ժողովուրդը զենք է բարձրացնում իր հայրենիքի, իր ազատ և խաղաղ կյանքի համար: Ազատ ապրելու իր արդարությունը Արցախը և նրա հետ մեր ողջ ժողովուրդը պիտի շարունակի պաշտպանել մինչև հաղթական ավարտ, մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում: Եվ թող Աստված շուտով արժանացնի այդ օրվան` նայելով մեր ժողովրդի հավատքին, նվիրումին, ազգաշեն ու հայրենանվեր գործերին, քանզի ինչպես սաղմոսերգուն է ասում, «Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը նրա» (Սղմ. 10. 8)»,- իր խոսքում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Չորեքշաբթի էլ Գանձասարի վանք այցելության ժամանակ առաջին անգամ Արցախում գտնվող Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր կոչն էր ուղղել հայությանը` մեկտեղելու ուժերը՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ կյանքի։

«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և երբեք ոտնձգություն չենք արել, սակայն երբեք չենք թողել, որ մեր թշնամիները մեր արդար իրավունքները ոտնահարեն։ Թշնամին պետք է գիտենա, որ Արցախի մեր ժողովուրդը առանձին չէ, այլ ունի զորակցությունը ողջ հայ ժողովրդի։ Պատմությունը մեզ սովորեցրել է, որ ճակատագրական պահերին միասնական ուժը մեր մեծագույն զենքն է, հետևաբար այսօր ևս ողջ հայ ժողովուրդը միասնական այս ուժը պիտի օգտագործի՝ զորակցելու Արցախի մեր ժողովրդին և պաշտպանելու մեր նահատակների արյունով սրբագործված հողը»,- ասել է Նորին սրբությունը։

Թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում վստահ են՝ այս պատմական այցելության մասին դեռ երկար է խոսվելու։

Արցախի Ազգային ժողովի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ այս այցն օգտակար կլինի նաև համահայկական միասնականության համար։

«Ուղերձներ կուղարկի աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին՝ իրենց ուշադրությունը դարձնել Արցախին և իրենց հոգածության գլխավոր առարկան դարձնել Արցախը։ Աշխատեն Արցախի ճանաչման, Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- ասում է Խանումյանը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով էլ` այս այցը սպասելի էր, քանի որ Հայ Եկեղեցին միշտ էլ եղել է իր ժողովրդի կողքին։

«Շատ կարևոր այց էր, վաղուց պետք է գնային։ Հիմա պատկերացրեք այդ զինվորականների ապրումները, երբ նրանց այցելել են կաթողիկոսները։ Դա արդեն մեծ բան է: Ինչ վերաբերում է լայն քաղաքականության վրա ազդեցությանը, ապա մեր զինվորականներն այս վերջին օրերի թեժ մարտերում իրենց փայլուն դրսևորելով՝ ցույց տվեցին, որ կարևորն իրենց գործի լավ վարպետ լինելն է ռազմի դաշտում»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Շիրինյանը։