Ղարաբաղ. հակամարտող կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում

Photo: Photolur

Լեռնային Ղարաբաղի ռազմական իշխանությունները հաղորդել են Ադրբեջանի հետ շփման գծում նոր մահացու դեպքի մասին` միևնույն ժամանակ հերքելով Բաքվի մեղադրանքները, թե հայկական ուժերը խախտել են ներկայիս փխրուն հրադադարի ռեժիմը` սպանելով ադրբեջանցի զինծառայողի:

Ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, 46-ամյա Համլետ Հաջոյանը ապրիլի 14-ին ադրբեջանական կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Ավելի վաղ Ադրբեջանը հաղորդել է ապրիլի 5-ին տարածաշրջանում ռազմական դիմակայությունը դադարեցնելու մասին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո առաջին զոհի մասին` մեղադրելով հայկական կողմին իր բանակի կրտսեր սերժանտ Ռուստամ Ահմեդովին սպանելու մեջ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է այս մեղադրանքը` այն անվանելով «իրադրությունը արհեստականորեն սրելու նպատակ հետապնդող ապատեղեկատվություն»:

«Չի բացառվում նաև, որ զոհի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսում է գաղտնազերծել ապրիլի 2-5-ը տեղի ունեցած մարտերի ժամանակ իր հարյուրավոր կորուստների շարքը, որը մինչ այսօր դեռևս պահպանվում է հույժ գաղտնի: Իրենց ձախողված ռազմական ագրեսիան քողարկելու նպատակով նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրությունների տարածումը Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից առաջիկայում ևս սպասելի է», – նշվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Մեղադրանքների այս վերջին «փոխհրաձգությունը» տեղի է ունենում Հայաստան Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այցի պայմաններում:

Դեռևս ապրիլի 2-ին, երբ առաջին թեժ մարտերն էին բռնկվել Լեռնային Ղարաբաղում, Բորդյուժայի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը ասել էր, որ Ադրբեջանի գործողություններն են հանգեցրել լարվածության: Սակայն պաշտպանական դաշինքի, որի կազմում, բացի Հայաստանից, ընդգրկված են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, առանձին անդամներ ղարաբաղյան ճգնաժամի ընթացքում Հայաստանին քաղաքական աջակցություն չդրսևորեցին, իսկ ոմանք, ինչպես Ղազախստանը և Բելառուսը, նույնիսկ, ըստ էության, արտահայտվեցին Ադրբեջանի դիրքորոշման օգտին: