Մնա՞լ, թե՞ դուրս գալ. ըստ նախագծի` Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, իսկ Հանրապետականը դեմ է

Photo: Photolur

Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու նպատակով ԱԺ ներկայացվելիք նախագիծը տեղին չէ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Օրերս «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն Ազգային ժողով է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանում օրինագծի ընդունման դեպքում ԱԺ-ն պետք է հանդես գա Հայաստանի նախագահին ու կառավարությանը ուղղված հայտարարությամբ` սկսելու ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու գործընթացը:

Պատգամավորի համոզմամբ` Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների ֆոնին անվտանգության առումով ոչինչ չտվեց:

Ավելին` Քոքոբելյանի բնորոշմամբ` Ղազախստանի նախագահ Նազարբաևի միջոցով Ադրբեջանը կարողացավ կասեցնել Երևանում նախանշված ԵԱՏՄ երկրների վարչապետների խորհրդի նիստի անցկացումը։

Նրա կարծիքով` նույնիսկ այն քաղաքական ուժերն ու անհատ գործիչները, ովքեր ժամանակին կողմ էին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո կաջակցեն իր նախաձեռնությանը։

Այնուամենայնիվ, հանրապետական Մելիքյանը վստահ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներին անդամակցելը ճիշտ քայլ է:

«Էմոցիաներով արտաքին քաղաքականություն չեն կառուցում»,- ասաց նա, հավելելով, որ առանձին երկրների քաղաքական գործիչների հայտարարությունները չպետք է հիմք ընդունել միջազգային կառույցներից դուրս գալու համար:

«Այդ նույն տրամաբանությամբ Եվրախորհրդարանում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձև ընդունելուց հետո, ինչ է, պետք է դո՞ւրս գայինք այդ կառույցից, իհարկե ո՛չ»,- ասաց նա:

Մելիքյանը նաև չբացառեց նաև Ադրբեջանի` ԵԱՏՄ մտնելու հավանականությունը, այնուամենայնիվ, նշելով, որ գուցե դա նույնպես իր դրական ազդեցությունն ունենա.

«Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, այսինքն` որևէ երկրի շահ այնտեղ չի անտեսվում, և միգուցե Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին զսպող դեր ունենա այդ երկրի քայլերում»,- եզրափակեց նա: