
Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը թույլատրել է շաբաթավերջին շփման գծի հյուսիսային ուղղությամբ շարունակել զոհվածների դիակների որոնողական աշխատանքները` ապրիլի 5-ին կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության` թույլտվությունը ձեռք է բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ:
Ավելի վաղ Ղարաբաղի իշխանությունները հաղորդել էին, որ շփման գծում պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ինժեներական աշխատանքներ իրականացնելիս գտնվել է ադրբեջանցի զինվորի մարմին: Ավելի ուշ նրանք ճշտել են, որ չնույնացված առարկան նմանեցվել է դիակի հետ` հավելելով, որ դա կարող է հաստատվել միայն որոնողական աշխատանքների արդյունքում:

Տասնյակ հայ և ադրբեջանցի զինծառայողներ են զոհվել և վիրավորվել է ապրիլի 2-5-ը թեժ բախումների ընթացքում, որը հակամարտության գոտում 1994 թ-ի հրադադարից ի վեր ամենալայնածավալ հարձակումն էր: Ձեռք բերված կրակի դադարեցման խստագույն պահպանման պայմաններում ապրիլի 8-ին մի քանի ժամ երկու կողմերն իրականացրել են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ:
Իսկ շաբաթ օրը պաշտպանության բանակը հաղորդել է, որ մարտական հերթապահություն իրականացնելիս մեկ հայ զինծառայող է վիրավորվել ձախ բազկի շրջանում: Ստեփանակերտը և Երևանը մեղադրել են Ադրբեջանին սահմանների շարունակվող խախտումների համար:

Շաբաթավերջին Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաները նաև հրապարակել են ադրբեջանական խոցված ուղղաթիռից ձեռք բերված ապացույցներ, որոնք վկայում են, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի ձեռնարկած հարձակման նպատակը Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելքում գտնվող ռազմավարական կարևոր Ֆիզուլի քաղաքի գրավումն էր:
Ըստ Mi24G ուղղաթիռից ստացված քարտեզների և փաստաթղթերի` նախատեսվում էր գրոհը զարգացնել շփման գծից 10 կմ խորությամբ: Բացի այդ, մարտական ուղղաթիռը դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից առաջնագիծ տեղափոխելը և հստակ թիրախներ ունենալը, ըստ հայկական կողմի, ցույց է տալիս, որ Ադրբեջանը նախօրոք մշակել է այնածավալ ռազմական գործողության պլան: