Հայաստան. ԻՀԿ փաստաթուղթը ամբողջությամբ աղավաղում է ղարաբաղյան հակամարտության էությունը

Photo: www.mfa.am

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) ամփոփիչ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղ գտած դրույթները ամբողջությամբ աղավաղում են ղարաբաղյան հակամարտության էությունը, որը արդյունք է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ռազմական եղանակով ճնշելու քաղաքականության` հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության` մեկնաբանելով News.am գործակալության` Ստամբուլում կայացած ԻՀԿ գագաթնաժողովի` հակահայկական ձևակերպումներով ընդունած փաստաթուղթը, Քոչարյանն ասել է:

«Տվյալ ձևակերպումներով մերժվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքը, որը հանդիսանում է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության նպատակներից մեկը, և որի հիման վրա ձևավորվել է այդ կազմակերպության անդամ պետությունների մեծամասնությունը:

Իրական ագրեսոր Ադրբեջանը ներկայացվում է որպես զոհ, ինչը նա համարելու է աջակցություն ագրեսիայի նոր ալիք ծավալելուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու իր ջանքերին:

Տարակուսանք է առաջացնում, որ ինքնորոշված ժողովրդի դեմ ծայրահեղ ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով պայքարող Ադրբեջանը և տարածաշրջանում անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիք տարածող Թուրքիան կարողացան իրենց՝ միջազգային և միջնորդ երկրների ջանքերին հակադիր սադրիչ մոտեցումները հերթական անգամ ներառել Իսլամական համագործակցության կազմակերպության փաստաթղթում»: