Ղարաբաղ. երկու հայ զինծառայողներ են վիրավորվել, դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը ձախողվել է

Երկու հայ զինծառայողներ են վիրավորվել այս գիշերվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ուժերի կողմից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտելու հետևանքով:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության` Էրիկ Մաթևոսյանը (ծնված 1991 թ.) և Ազատ Բարսամյանը (ծնված 1996 թ.) հրազենային վիրավորում են ստացել հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հաղորդել է նաև, որ ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերը ժամանակին «հայտնաբերել և հետ են շպրտել»:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: Ըստ հաղորդագրության` Ադրբեջանը հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև ականանետ:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և վերահսկել օպերատիվ իրավիճակը»,- նշվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: