Առաջնագծում. նախագահ Սարգսյանը այցելել է Ղարաբաղ սպասվող խաղաղ բանակցությունները վերսկսվելու հայտարարությունների ֆոնին

Photo: www.president.am

Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբի քառօրյա պատերազմից հետո առաջին անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է հայկական երկրորդ հանրապետություն։

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանն այնտեղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել: Քննարկվել է բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման մասին Բաքվի հայտարարության ֆոնին։

Մասնավորապես, երկուշաբթի ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական գծով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ առաջիկայում կարող են վերսկսվել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները։

«Բանակցությունները վերսկսելու առաջարկը ստացվել է Մոսկվայից, և այժմ նախապատրաստվում է բանակցային գործընթացը։ Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների հագեցած փուլ»,- ասել է Հասանովը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ադրբեջանցի և հայ իր պաշտոնակիցների հետ ու հայտարարել, որ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի հակամարտության կարգավորմանը։

Ապրիլի 7-ին էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի և Իրանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ ծավալուն հարցազրույց էր տվել «ՏԱՍՍ» գործակալությանը, որում խոսելով ԼՂ հակամարտությունից, կարևորել էր վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրապնդվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հայտարարություններում՝ դեռևս 3-4 տարի առաջ։ Ըստ Լավրովի՝ տարիներ առաջ հակամարտության կողմերի հաստատած, սակայն դեռևս ոչ վերջնական փաստաթղթով նախատեսվում էր լուծել իրավիճակը Ղարաբաղին կից շրջանները ազատելով՝ միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակը, ինչպես նաև առաջարկվում էր դիպուկահարներին հետ քաշել շփման գծից։

Սակայն երկուշաբթի Հայաստանի նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ հայկական կողմը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունն ու ժամկետները:

Միևնույն ժամանակ, Հակոբյանը նշել է, որ առաջիկայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան, ինչն էլ լավ առիթ կլինի դիտարկելու բանակցային գործընթացի հեռանկարները, որի «հիմնական էությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է՝ իրացնելու սեփական ինքնորոշման իրավունքը»:

Այս օրերին շատ է խոսվում նաև Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու մասին։ Հիշեցնենք, որ դեռևս 1994-ին Զինադադարի պայմանագիրը կնքվել է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, սակայն ավելի ուշ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղվել։

Երկուշաբթի «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հերթական անգամ հայտարարել է, որ ԼՂՀ հիմնահարցի վերջնական կարգավորումն առանց Ստեփանակերտի հնարավոր չէ:

«ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում համապարփակ լուծում հնարավոր չէ գտնել՝ բանակցային ձևաչափում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Ադրբեջանն այս փուլում կփորձի վճռականորեն և համառորեն խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի` բանակցային գործընթացում ներգրավումը, բայց պետք է ասել, որ ստեղծվել է բավականին հետաքրքիր և պարադոքսալ իրավիճակ. մի կողմից Ադրբեջանը պատերազմում է մեզ հետ, բայց մյուս կողմից՝ չի ցանկանում մեզ հետ բանակցություններ վարել և փորձում է խոչընդոտել լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնումը»,- ասել է Բաբայանը: