Շարունակական օգնություն. առաջնագիծ առաջնային անհրաժեշտության իրեր հասցնող նախաձեռնությունը պատրաստվում է նոր ակցիայի

Photo: www.armborder.com

Չնայած պաշտպանության նախարարության ներկայացուցիչների պնդումներին, որ հայկական զինված ուժերը ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով, այդուհանդերձ, ապրիլի 2-ին ստեղծված «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնությունը շարունակում է իր ակցիան իրականացնել՝ առաջնային անհրաժեշտության իրերը առաջնագիծ հասցնելով:

Նախաձեռնությունը ապրիլի 20-ին և 21-ին` ժամը 15:00-20:00-ը, կրկին Մաշտոցի պուրակում հավաք է անցկացնելու՝ բահ, անձրևանոց, լապտերներ և այլ պիտանի իրեր փոխանցելու համար առաջնագծի զինվորներին:

Առաջին անհրաժեշտության պարագաները առաջին անգամ ապրիլի 5-ին, ապա` 9-ին տեղափոխվել են Արցախ, մյուս խմբաքանակը, հավանաբար` այս շաբաթ կամ կիրակի:

«Պետք է սովորել, որ պատերազմական վիճակում կարող են լինել նմանատիպ դեպքեր: Մեր նախաձեռնությունը կոտրեց այն կարծրատիպը, որ զինվորներին սնունդ չի հասնում, քանի որ անձամբ ենք նրանց հանձնել»,- երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը:

Ակցիայի համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ իր հերթին ավելացրեց, որ նախաձեռնությունը դժգոհ է արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) իրականացրած համակարգման աշխատանքներից, իսկ նախատեսվող երրորդ այցը կատարելու են առանց ԱԻՆ-ի օգնության:

«Մեր երկրորդ ուղևորությունը եղավ ԱԻՆ-ի միջոցով: Երբ հասանք Արցախ, պարզվեց, որ այդ ամենը դեռ պետք է մնար Ստեփանակերտում, պահեստավորվեր, տեսակավորվեր, նոր դիրքեր հասներ, որը կտևեր 4-5 օր: Դրան դեմ եղանք, և քննարկումներից հետո մեքենաներն ուղևորվեցին տարբեր դիրքեր»,- եզրափակեց նա: