Եվրոպայի խորհուրդ. հայաստանյան պատվիրակները քննադատում են ԵԽԽՎ նախագահին

Photo : Council of Europe/ Klara Beck

Երկուշաբթի մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանի` ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում իրականացրած ռազմական լայնածավալ գործողությունները, ինչպես նաև անդրադարձել են ԵԽԽՎ որոշ պատվիրակների ադրբեջանամետ պահվածքին:

Մասնավորապես, պատվիրակության անդամներից Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի` Ադրբեջանին սատարող հայտարարությանը:

«Այն պահին, երբ ադրբեջանական զինուժը հրետակոծում էր խաղաղ բնակավայրերը, մեր Վեհաժողովի նախագահը, ով ի պաշտոնե պարտավոր է պահպանել անաչառություն և չեզոքություն, իր հայտարարությամբ ոգեկոչում էր ռազմական հանցագործներին»,- ասել է Զոհրաբյանը:

ԱԺ պատվիրակի խոսքով` Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին ԵԽԽՎ նախագահն իրեն պահել է որպես Իլհամ Ալիևի մամուլի խոսնակ:

«ԵԽԽՎ պատմության մեջ աննախադեպ է, երբ Վեհաժողովի նախագահը զբաղվում է ոչ թե ԵԽԽՎ, այլ մեկ առանձին երկրի շահերի բացահայտ պաշտպանությամբ: ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը կատարելով Ադրբեջան՝ Ագրամունտն իր այդ քայլով հերթական հավատարմությունը հայտնեց Ալիևի բռնապետությանը: Իսկ ռազմական գործողությունների ամենածանր օրերին Ագրամունտն անում է հայտարարություն, որը բացահայտ խրախուսում է Ալիևի մարդասպան ռեժիմին»,-եզրափակել է նա:

Պատվիրակության մեկ այլ ներկայացուցչի` Սամվել Ֆարմանյանի պնդմամբ էլ` Ագրամունտի անպատասխանատու հայտարարությունը հարցականի տակ դրեց նրա` որպես Վեհաժողովի նախագահի անաչառությունը և հաստատեց նրա ենթադրյալ ներգրավվածությունը ադրբեջանական միջնորդական կառույցներին:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն իր հերթին անդրադարձել է ադրբեջանական բանակի կազմում կռվող ԻԼԻՊ գրոհայիններին, որոնց ներկայությամբ պայմանավորեց հայ զինվորների և խաղաղ բնակիչների խոշտանգված դիերի առկայությունը:

«Անիմաստ արյունահեղությունն այս պահին դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաջության շնորհիվ, այնուամենայնիվ, հավաստի մտավախություններ կան նոր տարածաշրջաններում ԴԱԻՇ-ի գործողությունների հնարավոր ընդլայնման վերաբերյալ, որը, անշուշտ, կհանգեցնի նոր պատերազմների և ողբերգությունների»,-եզրափակել է նա: